Շվեյցարական փորձը անգին կարող է լինել Հայաստանի համար
ЭкономикаՇվեյցարիայում «Alpin Solar» ընկերությունը հաջողությամբ ավարտել է 5000 արևային վահանակների տեղադրումը Մուտզեե ջրամբարի ամբարտակի վրա՝ ամբողջությամբ ծածկելով ամբարտակը։
Ջրամբարը գտնվում է ծովի մակերևույթից 2,5 կմ բարձրության վրա և համարվում է ամենաբարձրը Եվրոպայում և արևային էներգիայի արտադրությունն արդեն սկսվել է։ Ինժեներների մտահաղացմամբ՝ արևային վահանակների կոնվերգենցիան և բուն ջրամբարի հիդրոէլեկտրակայանները թույլ կտան ընդհանուր առմամաբ արտադրել 3,3 մեգավատ էներգիա, ինչը բավարար կլինի հարևան Գլարուս կանտոնի տների մեծ մասը էլեկտրականությամբ ապահովել։
Արևային վահանակների լայնությունը կազմում է 1 կմ, իսկ դրանց արտադրողը շվեյցարական «Մեգա սոլ» ընկերությունն է, որը հատուկ մշակմամբ է արտադրել վահանակները, որպեսզի դրանք կարողանան դիմագրավել ձմեռային խստաշունչ պայմաններին։ Արևային վահանակների տեղադրումը ցուրտ լեռներում կարող է շատերին ոչ տրամաբանական թվալ, սակայն մասնագետները պնդում են, որ հենց հատկապես ցուրտ կլիմայի և վառ արևի պայմաններում արևային վահանակների առավելագույն արտադրողականություն է նկատվում։
Այն ավելի արդյունավետ է հավաքում արևային լույսը և չի տաքանում, բացի այդ ձյունն ինքն էլ արտացոլում է արևի ճառագայթները ուղիղ վահանակների վրա՝ դրանով բարձրացնելով դրանց արդյունավետությունը։ Շվեյցարիայում, առաջիկայում այսպիսի 4200 օբյեկտներ են կառուցելու՝ գրեթե ամբողջությամբ ապահովելով արևային հոսանքով երկրի էլեկտրականության բոլոր կարիքները։
Թերևս նման տեխնոլոգիաներն ու մոտեցումները արդիական կարող են լինել Հայաստանի համար, որտեղ կրկին հնարավորություն կա բարձր լեռնային գոտիներում արևային վահանակների մեծ քանակություն տեղադրել՝ առանց մեծ ջանքերի։
Մինչդեռ մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և հարկավոր է աննախադեպ կերպով բարձրացնել թե՛ վահանակների ու մարտկոցների արտադրությունը և թե՛ պետական աջակցությունը արևային էներգիայի ստացման ծրագրին։
Անահիտ Ավագյան