Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է
Նախօրեին Գյումրու «Բարեկամության» այգում տեղի ունեցավ գերժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված սահադաշտի և գյումրեցի արվեստագետների ու արհեստավորների ստեղծագործությունները ցուցադրող Վերնիսաժի պաշտոնական բացման արարողությունը։ Վերնիսաժն ունի 25 փայտյա տաղավար, իսկ սահադաշտը զբաղեցնում է 815 քառակուսի մետր տարածք: Սա, կարելի է ասել, գյումրեցիների ու Գյումրու հյուրերի համար իսկապես սպասված իրադարձություն էր:
Այգին վերանորոգվում է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանին պատկանող «Զբոսաշրջության և քաղաքաշինության» TUF բարեգործական հիմնադրամի կողմից։ Նշենք, որ այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Նախատեսվում է, որ զբոսայգու վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով տեղի կունենա 2024 թ. ամռանը։
Ի դեպ, «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռևս 12 տարի առաջ Ռուբեն Վարդանյանի կողմից ներկայացվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման ծրագիր, որը թույլ կտար ունենալ գերժամանակակից այգի՝ համապատասխան ենթակառուցվածքներով ու ատրակցիոններով: Սակայն թե՛ նախկինում, թե՛ հիմա իշխանություններն այդպես էլ ընթացք չտվեցին այդ ծրագրին: Արդյունքում այսօր ունենք բավական անշուք ու անխնամ զբոսայգի, որտեղ իրենց դարն ապրած ատրակցիոններ են՝ անցած դարից մնացած սպասարկմամբ ու ենթակառուցվածքներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում