ԱրարատԲանկը «Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախագծի կողքին
ОбществоԵրեկ՝ հունվարի 25-ին, Հենրիկ Իգիթյան գեղագիտության ազգային կենտրոնում մեկնարկեց «Նկարազարդ հասարակած. Հայաստան» (Painted Equator Armenia) ցուցահանդեսը՝ նշանավորելով Սլովակիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։
Այս կարևոր նախագծի կողքին էր ԱրարատԲանկը, որի ֆինանսական աջակցության շնորհիվ է հնարավոր դարձել կատալոգի հրատարակումը։ Ցուցահանդեսում ցուցադրված կտավները, որոնք իրենց հանգրվանը կգտնեն Բրատիսլավայում գտնվող «Painted Equator Gallery» պատկերասրահում, մեկտեղվել են «Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգում։ Մի քանի օրինակ կտրամադրվի դիվանագիտական կորպուսներին, արվեստագետներին և կուղարկվի նաև արտերկիր։
Որպես տարբեր մշակույթների ազգերին ճանաչելու և մերձեցնելու համընդհանուր գործիք՝ «Նկարազարդ հասարակած. Հայաստան» ծրագրի հիմնական գաղափարը բոլոր ազգերին ու ժողովուրդներին միավորելն է փոքր կտավներ նկարելով (20x20 սմ)՝ նպատակ ունենալով երկրի հասարակածի 40075 կիլոմետր երկարությանը համարժեք աշխարհի տարբեր երկրներից հավաքել 40075 նկար և դրանք ի մի բերել մեկ պատկերասրահում։
«Նկարազարդ հասարակած. Հայաստան» համաշխարհային կուրատորական նախագծի հեղինակը Մոսկվայի մշակույթի և արվեստի միջազգային ակադեմիայի անդամ, Ֆրանց Կաֆկայի եվրոպական մրցանակի (1998թ․), Եվրոպական արվեստի միության մրցանակի (2002թ․), Սալվադոր Դալիի համաշխարհային մրցանակի դափնեկիր, արվեստի մի շարք փառատոնների հեղինակ Անդրեյ Սմոլակն է:
«Նկարազարդ հասարակած. Հայաստան» նախաձեռնությունն ի շահ հայ արվեստագետների կյանքի է կոչվել նկարչուհի, դիզայներ, գեղանկարչական ցուցահանդեսների համակարգող, Հայաստանի նկարիչների միության անդամ, Տավուշի նկարիչների միության մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի շնորհիվ:
Միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ԱրարատԲանկի ներկայացուցիչներ, արվեստագետներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Սլովակիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ Միրոսլավ Հացեկը և ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Արմինե Թումանյանը։
«Նկարազարդ հասարակած. Հայաստան» կատալոգը կարող եք թերթել՝ անցնելով այս հղումով` http://surl.li/eomtj: