Թուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով
МеждународноеԹուրքիայում արևային էներգետիկայի հզորությունը կաճի մինչև 500 տոկոսով։ Թուրքիան մտադիր է մինչև 2035 թվականը ավելացնել իր արևային էներգետիկային ստացած հզորությունները 500 տոկոսով։ Առաջիկա 12 տարվա ընթացքում Թուրքիան ծրագրում է 53 գիգավատ էլեկտրականություն արտադրել արևային էներգիայի շնորհիվ։
Եթե 2020 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 5, 67 գիգավատ, ապա ընդամենը 15 տարում աճն ահռելի է լինելու։ «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի էներգետիկայի նախարարությունից ներկայացրել են ազգային էներգետիկ պլանը, համաձայն որի մինչև 2053 թվականը նախատեսվում է զրոյական արտանետումների հասնել, իսկ մինչև 2035 թվականը լուրջ գործողություններ է իրականացվելու այդ ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ մինչև 2035 թվականը Թուրքիայի ընդհանուր էներգետիկ հզորությունների 16,5 տոկոսը կկազմի արևային էներգետիկան, 17,7 տոկոսը ՝ քամու էներգետիկան, 11,1 տոկոսը՝ ատոմային էներգիան։ Մնացած մասը կմշակվի հիդրոէլեկտրակայանների և այլ աղբյուրների միջոցով։ Ամենամեծ աճը,ինչպես և կանխատեսվում էր, նախատեսված է արևային էներգետիկային։ 2022 թվականի նոյեմբերին Թուրքիային հաջողվել է հասնել մինչև 9,32 գեգավատ էներգիայի արտադրության։ 2035 թվականին այդ թիվը պետք է հասնաի 52, 9 գիգավատի։
Թուրքական իշխանությունները, որոնք կարծես թե որևէ խնդիր չունեն հիդրոէլեկտրակայանների միջոցով էներգիա ստանալու, ինչպես նաև ծրագրում են Եվրոպայի համար գազային հաբ դառնալ, առավելապես շահագրգռված են սեփական բնակչության առողջության և ծախսերի կրճատման հարցերով, ուստի և մտադիր են մի քանի անգամ ավելացնել արևային էներգետիկայի բաժինը։
Նույնիսկ մեր թշնամին է հասկանում արևային էներգիայի կարևորությունը սեփական երկրի և տնտեսության համար, մինչդեռ Հայաստանում նույնիսկ համապատասխան լուրջ գործողություններ չեն իրականացվում արևային էներգետիկայի ռազմավարական զարգացման ուղղությամբ, թեև այդ ոլորտը գրեթե դարձել է հիմնական հեռանկարայինը Հայաստանի տնտեսության համար։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և տեսանելի ապագայում որևէ լուրջ առաջխաղացում չի նախանշվում։
Սոնա Գասպարյան