Ինչու «Ապրելու երկիր»-ն ակտիվ չէ ցույցերին. «Ժողովուրդ»
Пресса«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնվելուց ի վեր միջազգային տարբեր կառույցների երեւանյան գրասենյակների, ինչպես նաեւ դեսպանատների առջեւ հանրահավաքներ են տեղի ունենում: Դրանց մասնակցում են ամենատարբեր կուսակցությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, Արցախի մեր հայրենակիցները:
«Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ իրազեկման կամ բողոքի հանրահավաքներին չեն մասնակցում «Ապրելու երկիր» կուսակցության անդամները: Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ Արցախում կառավարական կաբինետի ղեկավարումը ստանձնելուց զատ, իրենց քաղաքական ուժն արդյոք նաեւ այս հարցում է կիսում արցախյան իշխանությունների քաղաքական բեռը, ու ինչով է բացատրում հանգամանքը, որ իրենց կուսակիցները հանրահավաքներին չեն մասնակցում:
««Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները Արցախի համար կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելիս չեն նշում, որ կուսակցական են: Կուսակցության անդամները եւ՛ երեկ, եւ՛ դրա առաջին օրը բողոքի բոլոր միջոցառումներին մասնակցել են, բայց այդ մասնակցությանը կուսակցական երանգ տալու անհրաժեշտություն չկա: Այսինքն՝ մասնակցում ենք, բայց չենք նշում, որ կուսակցությունը ներկա է եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Առաքելյանն ու ավելացրեց, որ այս հարցի շրջանակներում կուսակցական գործունեություն ծավալելը ո՛չ արդյունավետ է, ո՛չ էլ ճիշտ: Իսկ ի՞նչ արդյունավետություն ունի ծպտված մասնակցությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում