Կշեռքի նժարին դրված են պետությունն ու պետականությունը. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները օգտագործում են «հրադադար», այլոք՝ «պատերազմ» արտահայտությունները, իշխանամերձ, իշխանություններից ավելի «հեղափոխականապաշտ» պատգամավորներից մեկը՝ «առաջնագիծ», «թշնամի» ու համանման ձևակերպումներ և այլն, և այլն: Կարծում եք՝ այդ մարդիկ խոսում են Արցախյան պատերազմի, հայ-ադրբեջանական հակամարտության կամ սահմանի մասի՞ն: Ամենևին: Եթե այդպես լիներ, բնականաբար, արտառոց ոչինչ չէր լինի, ընդհակառակը: Սակայն նրանք խոսում են... ներհայաստանյան, ներքաղաքական խնդիրների մասին, իրենց քաղաքական մրցակիցների ու նրանց հետ հարաբերությունների մասին, ավելին՝ որոշ պետական ինստիտուտների մասին: Դժվար է անկախ Հայաստանի պատմության ժամանակաշրջանում գտնել այնպիսի մի հատված, երբ միմյանց հանդեպ ատելությունն ու թշնամանքն այս աստիճան գեներացված լինեն:
Որքան էլ զարմանալի է, նույնիսկ 90-ականների սկզբին իշխանությանը չհաջողվեց նման դոզայով ատելություն ու թշնամանք հրահրել: Այսօր հաջողվում է: Ծայրահեղ անընդունելի, բայց իրականում սպասելի իրավիճակ է, քանզի 2018 թվականի իշխանափոխության ամբողջ շրջանում ու իշխանափոխությունից հետո այս երկու տարվա ընթացքում իշխանությունների ու հատկապես իշխանամերձ որոշ սատելիտ ուժերի կողմից այնպիսի ուժգնությամբ է ատելություն քարոզվել, տարածվել, որ արդյունքներն այսպիսին պիտի լինեին՝ թունավոր մթնոլորտ, փոխադարձ թշնամանքի մթնոլորտ, հայհոյանքի ու վիրավորանքի անսպառ բառապաշար: Սակայն շատ ավելի մտահոգիչ է, որ առկա վիճակը թեժանալու, էլ ավելի սրվելու միտումներ է ցուցաբերում: Միտումներ, որոնք կարող են իրենց հետ բերել նաև հասարակական հարաբերություններում տարաբնույթ բռնկումների, ընդ որում՝ ոչ միայն սոցցանցային հարթակներում, այլև իրական կյանքում, ինչի տարրերի ականատեսն արդեն եղել ենք:
Գուցե ծեծված արտահայտություն ենք անում, սակայն իրականությունից ոչ մի տեղ չենք փախչի. մենք ունենք բազմաթիվ մարտահրավերներ՝ սկսյալ արտաքին թշնամու հետ հակամարտությունից, տնտեսական օրավուր խորացող խնդիրներից մինչև կորոնավիրուսային համավարակ: Ու այս պայմաններում պարզապես խայտառակություն է ներսում թշնամիներ փնտրելը, միմյանց դեմ թշնամու պես կռվելը: Մրցակիցներ՝ այո, քաղաքական հակառակորդներ՝ այո, բայց ոչ թշնամիներ: Պատերազմն այլ դաշտերում է, իսկ քաղաքական հարաբերություններում պարզապես պայքար է: Սա պետք է գիտակցեն բոլորը, առաջին հերթին՝ իշխանությունները՝ մեղմելու գնալով վտանգավոր չափերի հասնող այս վիճակը, զսպելու հատկապես իր սատելիտներին, զերծ մնալու ներսում թշնամիներ ձևավորելու արատավոր գործելաոճից, հային չտրամադրելու հայի դեմ: Նորից ու նորից ենք կրկնում՝ մենք հասել ենք սարսափելի վտանգավոր սահմանագծին, երբ կշեռքի նժարին դրված են պետությունն ու պետականությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում