«Պետականությունը վտանգված է․ ճգնաժամի հաղթահարման օրակարգ»
ПолитикаՀոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, փաստացի հայտարարեց կապիտուլյացիոն համապարփակ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, որով նա պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և անվերապահ ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև զիջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։ Փորձելով հիմնավորել այս հակազգային և հակապետական գործողությունը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոպտորեն խեղաթյուրեց Արցախի հարցի և նախորդիվ երեք տասնամյակ ընթացած բանակցային գործընթացի ողջ էությունը, այլև հընթացս հարցականի տակ դրեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը։
Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության, որի ընթացքում նա, գիտակցաբար և սեփական ոչ կոմպետենտության արդյունքում, հիմնահատակ կազմաքանդեց հայկական զույգ պետությունների անվտանգության ողջ համակարգը և աշխարհաքաղաքական առավել լարված ժամանակաշրջանում մեր երկիրն անպաշտպան թողեց անվտանգային սրված մարտահարվերների առաջ։ Ուստի, Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում այսօրվա անվտանգային ճգնաժամի համար, և նրա հեռացումը իշխանությունից հանդիսանում է առանցքային գրավական՝ այդ ճգնաժամը տեսանելի հեռանկարում հաղթահարելու և մեր երկիրը դրանից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում․
Ա) ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին՝ խստագույնս հետևել ՀՀ Սահմանադրությանը և հրաժարվել հաստատել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի ՀՀ Սահմանադրության և ՀՀ Անկախության հռչակագրի ոգուն և տառին,
Բ) ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Անկախության հռչակագիրը՝ հրաժարվել վավերացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի մեր պետության այդ անկյունաքարային հիմքերին,
Գ) ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին՝ խստորեն կատարել ՀՀ Սահմանդրությամբ հաստատված ՀՀ Զինված ուժերի պարտականությունները և կոշտ հակահարված տալ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ուժերին,
Դ) ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը և այլ իրավապահ մարմիններին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրությունը, խստորեն ապահովել երկրում օրինականության պահպանումը, հրաժարվել կատարել քաղաքական իշխանության՝ օրենքին հակասող ցանկացած պահանջ կամ ուղղակի հրահանգ,
Ե) ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում գործող ազգային ուժերին՝ ձևավորել միասնական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Ազգային վստահության ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ,
Զ) ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ սկսել խորհրդակցություններ ՀՀ կառավարության նոր կազմի և նրա հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ, այդ համատեքստում հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդարանական լսումներ։
Մենք պատրաստ ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծված ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։
Հայտարարությանը կարող են միանալ քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և անհատներ։
«Համախմբում» նախաձեռնության խորհուրդ
Կարին Տոնոյան
Ավետիք Չալաբյան
Էդգար Ղազարյան
Մենուա Սողոմոնյան
Արսեն Գրիգորյան
Արամ Պետրոսյան
Արման Սահակյան