Ի՞նչով է աջակցում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը
Общество«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Սյունիքի մարզին՝ վերջին շաբաթներին մարզում առաջացած հրատապ խնդիրների լուծման համար։
Past.am-ի թղթակցի հարցերին ի պատասխան, ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը մանրամասնեց.
«Ընկերությունն ունի սոցիալական ներդրումներով համայնքների զարգացմանն ուղղված սկզբունքային գործելաոճ և հարուստ փորձառություն։ Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում սոցիալական տարբեր ծրագրերում մենք ներդրել ենք ավելի քան 2.4 միլիարդ ՀՀ դրամ։ Բնականաբար, ստեղծված իրավիճակում, երբ մարզում կա լրացուցիչ աջակցության խնդիր, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը մասնակցում է նաեւ այդ խնդիրների լուծմանը»։
Հարցին, թե որքան գումար է հատկացվել, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց.
«Գումարի չափը, թույլ տվեք չնշել։ Ելնելով ստեղծված ռազմական և հումանիտար բարդ իրավիճակից մենք բազմակողմանի աջակցում ենք և կաջակցենք մարզային և համայնքային կառույցներին և այս պահին այն բոլոր ոլորտներում, որտեղ աջակցության կարիք է եղել աջակցել ենք»։
Սյունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ԶՊՄԿ ղեկավարության հետ հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին՝ քննարկելու, թե առավելագույն արդյունավետության համար հատկապես որ ուղղություններով է ակնկալվում ընկերության աջակցությունը մարզին։
Մարզպետ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ ղեկավարությանը թե՛ խաղաղ ու թե՛ ՀՀ–ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պայմաններում ցուցաբերած աջակցության, օգնելու պատրաստակամության, մարզային իշխանության հետ սերտ համագործակցության համար։