«Ընդդիմության միահամուռ պայքարը սկսել է իր արդյունքները տալ». Չալաբյան
Политика«Ընդդիմության միահամուռ պայքարը սկսել է իր արդյունքները տալ՝ չնայած սահմանից եկող տագնապալի լուրերին և «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների անհետացմանը, որոնք չեն համարձակվում դուրս գալ ժողովրդի մոտ»։
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մի շարք փաստեր է ներկայացրել և ձեռքբերումներ, որոնք տեղի են ունեցել ընդդիմության պայքարի շնորհիվ։
Ըստ Չալաբյանի՝ մեր բանակը մի քանի ուղղություններով կոշտ հակահարված է հասցրել, ներառյալ՝ Ջերմուկի, գիշերը հաստատվել և պահպանվել է հրադադար, Իրանը զորքեր է լցրել մեր և Ադրբեջանի սահմաններին, Փաշինյանը հրապարակավ հրաժարվել է իր հայտարարություններից, Աժ ընդդիմադիր խմբակցություններն սկսել են Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, Արցախի Հանրապետության նախագահը հրապարակավ դիստանցավորվել է Փաշինյանից։
Ավետիք Չալաբյանն ընդգծում է, որ չնայած ծայրահեղ լարվածությանը և բազմաթիվ սադրիչների գործունեությանը, Ազգային ժողովի դիմաց հնարավոր է եղել կանխել հնարավոր բախումները և գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ, այն շարունակվելու է։
Փաստացի հենց սա է ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, քանի որ ի սկզբանե ընդդիմության ակցիաները մեկնարկելուն պես գործող իշխանություններն ամեն ինչ անում էին հավաքված բազմության մեջ սադրիչներ ներդնելու և նրանց միջոցով իրավիճակը շիկացնելու, իրավապահներին բազմության նկատմամբ ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք տալու համար։
Ավետիք Չալաբյանի և մյուս ընդդիմադիր առաջնորդների գործուն ջանքերի շնորհիվ հաջողվել է կանխել իշխանության սադրանքները, և այժմ քաղաքական մեթոդներով փորձելու են առավել լայն կոնսոլիդացիա ապահովել։
«Եթե միասնական և խելամիտ գործենք, քայլ առ քայլ կազատագրենք մեր հայրենիքը թուրքից, արդեն այդ ճանապարհին ենք»,- նշել է Ավետիք Չալաբյանը։
Գևորգ Վիրաբյան