Պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը. գերակա նպատակ է բարձրորակ հավկիթների արտադրությունը. «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է
Շուկայում հավկիթները շատ են, ինչպե՞ս ընտրություն կատարել, մասնավորաբար՝ ինչո՞ւ ընտրել «Շիրակ» թռչնաֆաբրիկայի արտադրանքը: Ընկերությունում հստակ գիտեն պատասխանը: Կարևորելով սպառողի պահանջները՝ շեշտը դնում են որակական և համային բարձր հատկանիշների վրա։
«Շիրակ» թռչնաֆաբրիկան հիմնադրվել է Խորհրդային Միության տարիներին, սակայն անցման ժամանակաշրջանում չի գործել, եղել են այն վերաթողարկելու տարբեր ծրագրեր, փորձել են, չի ստացվել:
«2020 թ.-ի հոկտեմբերին մեր երիտասարդ սեփականատեր Նարեկ Նալբանդյանի նվիրվածությամբ որոշվեց վերագործարկել ֆաբրիկան, բայց փոխելով ուղղությունը, այն է՝ մսատու ուղղվածությունը փոխվեց ձվատու ուղղվածության, որովհետև որպես սնունդ հավկիթը շատ ավելի անհրաժեշտ է մարդուն, քան հավի միսը: Տեղանքի հետ կապված հիմնական բանաձևը, խոսքը գենինժեներիայի մասին է, քամի և ջուր հարաբերակցությունը խիստ պահպանված էր տվյալ տարածաշրջանում, այսինքն՝ այնտեղ նպաստավոր պայմաններ կային ձվարտադրություն կազմակերպելու համար: Երկու տարի էլ չի անցել, և հիմա հանրապետությունում երկրորդ տեղում ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենի խորհրդական Մանասե Եփրեմյանը:
Ակնհայտ է, որ ցանկացած արտադրության հիմնում ենթադրում է նաև աշխատատեղերի ստեղծում, ինչը ևս շատ կարևոր է: Եփրեմյանը տեղեկացնում է՝ ներկայում թռչնաֆաբրիկան 130 աշխատատեղ ունի: «Հնարավոր է՝ այս թիվը ժամանակի ընթացքում ավելանա, դա կախված է արտադրության ծավալների աճից»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ տարեցտարի կկարողանան խոսել իրենց արտադրանքի գնողունակության և մի շարք այլ ցուցանիշների մասին, քանի որ որոշ հարցերում հենց ժամանակն է որոշիչ գործոնը: Մեկ հպանցիկ հայացք թռչնաֆաբրիկայի և նրա արտադրանքի մասին տեղեկատվությանը, և պատկերացում ես կազմում, որ ընկերության համար գերակա նպատակ է որակը, բոլորովին պատահական չէ նաև ընկերության կարգախոսը՝ «Առողջ սնունդ, առողջ սերունդ»: Այս դիտարկմանն արձագանքելիս տնօրենի խորհրդականը մեջբերում է հին հռոմեացիներին՝ թարգմանելով լատիներենից հետևյալ միտքը՝ «Զբաղմունքներն ազդեցություն են թողնում մարդու բնավորության վրա»:
«Որակը կախված է համակցված կերի քիմիական կազմից, իսկ այն պարտադրված է ճուտ արտադրողի տվյալներից, որոնք տասնյակ տարիներ փորձարկվել են: Այն ցեղատեսակը, որն օգտագործում ենք, փորձարկվել է Գերմանիայում 1959 թ.-ին: Փորձաքննության բոլոր արդյունքներից, մաթեմատիկական բանաձևերից տեղյակ ենք: Ելնելով դրանցից՝ կազմում ենք համակցված կերի բաղադրատոմսը և խիստ հետևում դրա արտադրությանը: Բնականաբար, կերակրումը տեղի է ունենում այդ ծրագրով՝ ոչ ավելի և ոչ պակաս»,-ընդգծում է Եփրեմյանը:
Ձվի շուկան բավականին ռիթմիկ է իր տեսակով, շատ են նաև վայրիվերումները, սրա հետևանքով, օրինակ՝ պարբերաբար գնանկում և գնաճ է լինում: «Շիրակ» թռչնաֆաբրիկան արդեն երկու տարի է՝ ինչ գործում է շուկայում, հետաքրքրվում ենք նաև շուկայի առանձնահատկություններից:
«Շուկայի բնորոշում տալու համար պետք է հասկանալ, թե ովքեր են կազմում ձվի շուկան: Ավաղ, երբեմն ձևավորվում է գայլային շուկա: Այստեղ ինչ-որ բանաձևեր չեն գործում, պետք է վերացվի նշածս գայլային շուկան, բայց մյուս կողմից դա կապել օրենսդրության հետ, չի կարելի, դեմ եմ դրան: Բիզնեսում, հատկապես սննդի արտադրության մեջ, սահմանափակումներ մտցնելը, շատ սխալ է, թեկուզ, օրինակ՝ մեր ֆաբրիկայի համար դա լինի ձեռնտու: Բայց չէ որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, և պետք է հավասար պայմաններում գործենք: Դեմ եմ օրենսդրական ոչ ճիշտ փոփոխություններին, ոչ ճիշտ հսկողությանն ու վերահսկողությանը: Բիզնեսը պետք է լինի ազատ: Այս պարագայում պետք է գործի առողջ մրցակցություն, ընտրություն պետք է կատարի սպառողը»,-եզրափակում է Մանասե Եփրեմյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում