Ռեպրեսիվ մեքենան պարբերաբար ճաքեր է տալիս․ Ավետիք Չալաբյանի ուղերձը
Общество«Նիկոլ Փաշինյանի վարչակարգն ամեն քայլափոխի պետք է հանդիպի կազմակերպված, գիտակից քաղաքացիների դիմադրությանը մինչև այն սկսի տեղի տալ, հարգել նրանց իրավունքները, մինչև մեր երկրում խաղի կանոնները փոխվեն ի օգուտ մարդու և հավաքական ազգային շահի»,- «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է բանտից հղել այդ ուղերձը, որը երեկ կայացած քննարկման ընթացքում ընթերցել է նրա կինը՝ Անահիտ Ադամյանը։
Ավետիք Չալաբյանն արձանագրում է, թե վարչակարգի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն ու իր անմիջական կամակատարները չեն կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ Հայաստանի անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ իրենց, այլև օրենքի ուժով պաշտպանել իր հիմնարար ազատության իրավունքը։ Չալաբյանը հիշեցնում է իշխանությունների կողմից դատարանների շրջափակումը, հակասահմանադրական ճանապարհով ՍԴ զավթումը, շանտաժի միջոցով ԲԴԽ-ին իրեն ենթարկեցնելը, իրավապահ մարմիններում մոլեռանդ կամակատարներին պաշտոնների նշանակելը։
«Այս ամենն արվել է, որ ստեղծի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացնեն ազգային պայքարի դուրս եկած ու վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիների ու կազմակերպությունների հանդեպ, սակայն Հայաստանում այսօր հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլև բանտարկված է արդարադատությունը»,- նշել է Ավետիք Չալաբյանն ու հավելել, թե վարչակարգի կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից․ «Մենք դրան չէինք արժանի, մենք արժանի էինք ապրել այնպիսի երկրում, որտեղ դատարանները անկախ են գործադիր իշխանությունից, երկրում, որտեղ մարդու ազատությունը սահմանափակվում է ծայրահեղ դեպքում և օրինական դատավճռով, երկրում, որտեղ գերիշխում է սահմանադրությունը»։
Այդուհանդերձ, Ավետիք Չալաբյանը ընդգծում է, որ ռեպրեսիվ բուրգը պարբերաբար ճաքեր է տալիս, դրա արդյունքում իրեն հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ։ Նա մանրամասն փաստում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի բոլոր հնարավորություններն իշխանությունից հեռացնելու փաշինյանական վարչախմբին՝ լիովին օրինական մեթոդներով։
Ըստ էության, Չալաբյանի այս ուղերձը ևս մեկ փորձ է հասնելու հասարակության ողջամիտ և գիտակից քաղաքացիների բանականությանը, բացատրելու նրանց, որ իրավիճակն ամենևին էլ անհուսալի և անդառնալի չէ, և հնարավոր է ոտքի կանգնելով հեռացնել փաշինյանական ապիկար վարչախմբին իշխանությունից և իսկապես արդարացի երկիր ստեղծել։
Հակոբ Այվազյան