Ես սա չեմ համարում քաղաքական օրակարգերից շեղելու թեմա. Միքայել Մանրիկյան
ОбществоՕրերս Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ այսուհետ առավոտյան 07:00-ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունը կհնչի նաև միաժամանակ 12 վարչական շրջաններում:
Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը որևէ վատ բան չի տեսնում քաղաքապետի որոշման մեջ.
«Փաստացի, երաժշտությունը միայն վարչական շրջանների շենքերից է հնչելու, Կենտրոն վարչական շրջանում վաղուց է հնչում, առանց նույնիսկ հայտարարելու: Եթե լսել եք քաղաքապետարանի աշտարակից հնչող ղողանջները, դրա նման է լինելու երաժշտությունը: Որ ասում են՝ համատարած քաղաքի բակերում լսվելու է, այդպես չէ: Ես անձամբ Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանի շենքից մի քիչ եմ այն կողմ ապրում, երբեք չեմ լսել ձայնը, եթե շենքին շատ մոտ չեմ եղել:
Իհարկե, մենք պետք է փորձենք հաշվի առնել մեր բոլոր քաղաքացիների շահերը, որովհետև մարդիկ կան, որ գիշերյաին հերթափոխով ենք աշխատում և առավոտյան 6-ին են վերադառնում, այդ ժամին քնած են: Իհարկե, բոլորի հարմարավետությունն ապահովելը դժվար կլինի»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Մանրիկյանը:
Ավագանու անդամի կարծիքով՝ սա այն գլոբալ հարցը չէ, որը պետք է այսքան քննարկումների առիթ տար: Մեր դիտարկմանը, թե կարծիք կա, որ որոշումը հենց այդ նպատակով է կայացվել, որ մարդկանց ուշադրությունը շեղեն օրակարգային հարցերից, Մանրիկյանն արձագանքեց.
«Ես տեսել եմ տարբեր օգտատերերի գրառումներ, ինչ ասես, որ չեն գրում: Բայց եկեք սթափ նայենք, արդեն քանի տարի Երևանի գլխավոր աշտարակից յուրաքանչյուր ժամը մեկ այդ ղողանջները հնչում են, ընդ որում, շատ գեղեցիկ տոնայնությամբ:
Ես սա չեմ համարում քաղաքական օրակարգերից շեղելու թեմա: Սա քաղաքական թեմա չէ, այսքան շատ քննարկել արժեր, եթե, ասենք, որոշում լիներ, որ պետք է համատարած, բարձրախոսներով երաժշտություն հնչեր: Սա ինչ-որ հետաքրքիր լուծում է, նորամուծություն, որի լավ կամ վատ լինելը ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում՝ ես ինչ-որ բացասական ենթատեքստեր չեմ տեսնում»:
Մարիամ Նալբանդյան