26-ամյա երիտասարդը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածով թմրամիջոց վաճառել (տեսանյութ)
Հունիսի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։
«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեց ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց էր։
Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվեցին։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։