ԱԺ-ն հրաժարվել է Հայկ Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին
ОбществоԱզգային ժողովը հրաժարվել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։
«Ես հանձնարարել էի, որ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովին փոխանցեն նամակը, որը տարբեր խողովակներով կարող էր փոխանցել նամակը, սակայն մոտ երկու ժամ տանել-բերելուց հետո իրենք բացահայտում արեցին, որ մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական կապեր։ Փաստորեն, այլ հարցերի համար դիվանագիտական կապեր կարողանում են հաստատել, բայց մեր գերի տղաների հետ կապված նախաձեռնության հարցում չկարողացան օգտակար լինել։ Արձանագրենք, որ իրենք չեն ուզում օգնել մեր տղաներին այցելելու այս նախաձեռնությանը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի խոսքով՝ ինքը, այնուամենայնիվ, նամակն էլեկտրոնային փոստով փոխանցել է Միլլի Մեջլիսի ղեկավարին։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։