Հրդեհ՝ Աշտարակի ոստիկանության դիմաց խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում․ 7 ավտոմեքենա վերածվել է մոխրակույտի
ОбществоԱյսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի ոստիկանության Աշտարակի բաժնի հարևանությամբ խոտանված ավտոմեքենաների կայանատեղիում հրդեհ է բռնկվել, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ հրդեհի վայր կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները։ Այնուհետև ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն այնտեղ կայանված ու խոտանված բոլոր 7 ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի։ Կրակի հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պայթել է։