Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մոտ 2 տասնյակ մարդ են բերման ենթարկել
Общество«Արթնացել ենք այլ ՀՀ-ում. ԱԺ դարպասները, որոնք բացվել էին ՀՀ քաղաքացու առջև, այսօր փակ են»: ԱԺ-ի դիմաց հավաքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի խումբ աջակիցներ, որոնցից մի քանիսին՝ մոտ 2 տասնյակ մարդու, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին:
168.am-ին հավաքվածներից մեկն ասաց, որ եկել են ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, և որ իրենք ակցիա չեն անում, այլ անհատներ են, որոնք եկել են՝ իմանալու, թե ինչպես է ավարտվելու այս գործընթացը:
«Սա հավաք չէ, սա ՀՀ քաղաքացիների աջակցությունն է պարոն Ծառուկյանին: Ինքնաբուխ է այս հավաքը, քանի որ երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին՝՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հայտարարելու մասին: Եվ քանի որ ԱԺ նիստն այսօր պետք է տեղի ունենար, առավոտյան ես և բազմաթիվ ՀՀ շարքային քաղաքացիներ, որոնք աջակցում են Գագիկ Ծառուկյանին, եկել են ԱԺ դիմաց՝ տեղյակ լինելու, թե ինչ է կատարվում և ինչպես պիտի այս ամենն ավարտվի»,-նշեց նա՝ պնդելով, որ ոստիկանների բազմությունը հիշեցնում է՝ դարձյալ այլ Հայաստանում ենք արթնացել:
«ԱԺ դարպասները փակ են, սա այն դարպասներն են, որոնք բացվել էին ժողովրդավար երկրում ՀՀ քաղաքացու առջև: Ոստիկանները պատ են կազմել, շղթայել: Փաստորեն ՀՀ քաղաքացին իրավունք չունի՝ իմանալու, թե ինչ պիտի լինի այսօրվա քաղաքական գործընթացը: Եվ 2018-ից հետո ՀՀ այն կարգապահ քաղաքացին, որն ամենակարգապահն էր, եթե անգամ տասնյակ հազարներով էր ողողում փողոցը, այսօր դարձել է «ամենաանկարգապահը»»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը:
Այս պահին ԱԺ-ի դիմաց ոստիկանական ուժեր են տեղակայված, կան մեծ թվով ոստիկանական մեքենաներ, այդ թվում՝ ջրցան:
Ավելի ուշ Ծառուկյանի աջակիցները տեղափոխվեցին Սիրահարների այգի. ոստիկանները շրջափակել են այգու մուտքերը: