Արմավիրում հնչել են Հայաստանի անվանի բանաստեղծների ստեղծագործությունները
КультураNgkub.ru-ն գրում է, որ «Ռուսաստանի հայերի միության» Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել միջոցառում նվիրված Հայաստանի պատմությանն ու պոեզիային: Հայաստանից հայրենի մշակույթը երիտասարդներին փոխանցելու համար ժամանել էին գրող, գրականագետ, հրապարակախոս և հասարակական գործիչ Կարո Վարդանյանը, ԻՆՏԵՐԿԱՊ բարեգործական կենտրոնի նախագահ Նորայր Զուլոյանը և ժողովրդական վարպետ ասմունքող, Պետական դրամատիկական թատրոնի և կինոյի արտիստ Ջիվան Սար-Սարկիսյանը։ Միջոցառման հյուրերը լսել են հայ նշանավոր բանաստեղծների՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու, Դանիել Վարուժանի, Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծությունները։ Հնարավորություն է եղել ծանոթանալու «Զորավար Անդրանիկի հերոսական դասերից մինչև Սփյուռքի նորագույն ազատագրական պայքարը» պատմական շարադրանքին։
Հայ համայնքի դռները բաց են հայ պոեզիայի և պատմության բոլոր սիրահարների համար։
«Հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց այս իրադարձությունը, նույնիսկ արցունքներ եղան, ընթերցողներին հաջողվեց շոշափել հոգու ամենախորը լարերը։ Կուզենայի, որ հայ համայնքն ավելի հաճախակի նման միջոցառումներ անցկացնի, քանի որ հայրենիքից հեռու ապրող հայ ժողովուրդը իսկապես նման էմոցիաների կարիք ունի։ Յուրաքանչյուր ընթերցում ընդունվում էր բուռն ծափահարություններով։ Անգամ ժողովրդական արտիստ Ջիվան Սար-Սարկիսյանի հետ միասին կարդացինք Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» բանաստեղծությունը, որը ինձ համար մեծ պատիվ էր։ Կային երիտասարդներ, ովքեր լավ չէին հասկանում հայոց լեզուն, բայց ընթերցողները կարողացան հույզեր և զգացմունքներ փոխանցել նրանց»,- միջոցառման մասին իր տպավորություններով է կիսվել Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի մեթոդիստ, բանաստեղծուհի Գայանե Վարդանյանը։
«Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արմավիրի տեղական կառույցի նախագահ Ռոբերտ Գալուստովը շնորհակալություն է հայտնել հյուրերին միջոցառման համար և կոչ արել հետագա համագործակցության։