Հաջողվել է մերձեցնել Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցության ասպեկտների շուրջ. ՌԴ ԱԳՆ
ПолитикаՀարավային Կվկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ Եռակողմ աշխատանքային խումբը՝ փոխվարչապետների նախագահությամբ, շարունակում է աշխատել։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
Նրա խոսքով՝ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում համանախագահների շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել՝ հաջողվել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները կապված տրանսպորտային հաղորդակցության ոլորտում տարբեր ասպեկտների հետ:
«Հայտնի է, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում է տարածաշրջանում ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային կապերի բացումը, որը համապատասխանում է Ադրբեջանի, Հայաստանի և նրանց հարևանների շահերին։ Եթե կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերվի, եռակողմ աշխատանքային խմբի համանախագահներն իրենք առանձին տեղեկատվություն կտրամադրեն», - ասել է Զայցևը։