Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է. Լեհաստանի ԱԳ փոխնախարարը՝ Ռուբեն Ռուբինյանին
ПолитикаՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 28-ին հանդիպել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, կարեւորել արդյունավետ փոխգործակցությունը:
Երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացման հարցում կողմերը կարեւորել են բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Քննարկվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը, չլուծված խնդիրները:
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչը կարեւորել է երկկողմ կապերի խորացումը, տնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: Լեհ դիվանագետի խոսքով` Լեհաստանի համար Հայաստանը գնահատելի գործընկեր է: Հյուրն արժեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակական գործընթացը: