Քաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքո
ПолитикаՔաղաքացու սոցիալական անվտանգությունը՝ հարվածի ներքո
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Սովի քարտեզով» Հայաստանում 500 հազար մարդ տառապում է թերսնուցմամբ: Խնդրի խորքային հետևանքների և բարդության աստիճանը պատկերացնելու համար բավարար է միայն նշել թերսնուցման խնդիրը երեխաների մոտ. նրանց 4,4 %-ը տառապում է սուր թերսնուցմամբ, 9,4 %-ը՝ խրոնիկ թերսնուցմամբ: Կասկածից վեր է, որ հատկապես մանկահասակ տարիքում սննդի անբավարար օգտագործման հետևանքները բազմաշերտ են՝ առողջապահական, հոգեբանական բնույթի խնդիրներից սկսած մինչև անգամ պետության համար աշխատունակ, առողջ, արարող քաղաքացի ունենալու ռիսկերը:
Միաժամանակ խիստ անհանգստացնող է կենսաապահովման հետ կապված այս հարցի զարգացման թրենդը. միայն վերջին երեք ամիսներին մեզ մոտ թերսնուցմամբ տառապող մարդկանց թիվն ավելացել է 80 000-ով:
Վստահ եմ՝ այս վիճակագրությունը տեսնող, կարդացող գիտակից ցանկացած մարդ պարզապես կսարսափի, մինչդեռ դրա պատճառների հետ ամենքս արդեն տևական ժամանակ է՝ առնչվում ենք ամեն օր: Հիշեցնեմ, որ մայիսին բանջարեղենի գնաճը կազմել է 51,3 %, հացաբուլկեղենի և ձավարեղենի գնաճը՝ 15,6 %, մսի գինն աճել է 9,9%-ով, կաթնամթերքի գները՝ 7,8 %-ով, ձկնամթերքինը՝ 17,1 % , յուղեր և ճարպեր ապրանքախմբինը՝ 5,8 %:
Առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի գների անընդհատ աճի պարագայում, երբ զուգահեռաբար չեն ավելանում բնակչության եկամուտները, այլ հետևանքի դժվար էր սպասել: Հայաստանի բնակչության շուրջ 16 %-ը գործազուրկ է. մարդիկ, ովքեր առհասարակ չունեն եկամուտ: Հայաստանում բնակվում են 500 հազարից ավել թոշակառու, 80 հազարից ավել նպաստառու: Գնաճի չդադարող լարվածության այս ողջ ընթացքում առնվազն այսքան մարդու եկամուտ չի ավելացել: Իսկ չի ավելացել, այդ թվում որովհետև այս իշխանությունը խոչընդոտում էր խորհրդարանական ընդդիմության նախագծերի անգամ քննարկումները՝ կապված աշխատավարձերի և թոշակների բարձրացման հետ: Թե որքանով կարելի է հիմնավոր համարել իշխանությունների «բյուջեում փող չկա» թեզը, երբ նույն բյուջետային ռեսուրսները բավարարում են շատ ու շատ այլ չհիմնավորված ծախսերի համար, թողնենք յուրաքանչյուրի գնահատմանը: Մինչդեռ գների այս տեմպը հաշվի առնելով, բնակչության եկամուտները անգամ փաստացի նվազել են: Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ի «Պարենային ապահովություն և խոցելիություն» 2021թ.-ի հետազոտության տվյալներով սնունդը հազիվ է բավարարում Հայաստանում ընտանիքների 56%-ին:
Եվ մինչ կառավարման ղեկը ստանձնածները զբաղված են գնաճը արտաքին գործոններով հիմնավորելով և այդպիսով վարում են բնակչության նկատմամբ ունեցած սոցիալական պատասխանատվությունից «ձեռքերը լվանալու» թաղաքականություն, իշխանության «ֆանտաստիկ դրական» ֆեյք արդյունքներին զուգահեռ Հայաստանում խորանում է մեկ այլ՝ աղքատության իրականությունը, ռեկորդային աղքատության իրականությունը…