Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ ԲարՔեմփ Երևանը
Общество«Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ այս տարի ևս հունիսի 18-ից 19-ը Երևանում անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը, որը մեկ հարկի տակ էր միավորել ՏՏ և մեդիա ոլորտի շուրջ երեք հազար ներկայացուցիչների։
(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
(Չ)կոնֆերանսին հրավիրված արտասահմանյան հատուկ հյուրերը՝ գիտնականներ, փորձագետներ, սիլիկոնյան հովտում մեծ հաջողությունների հասած startup-ների ղեկավարներ, խոսեցին startup բիզնեսի կառավարումից, աշխատաշուկայի ապագայից, գիտության և կրթության զարգացման հեռանկարներից, Հայաստանի տիեզերական ամբիցիաներից, նորագույն առողջապահական տեխնոլոգիաներից։
«ԲարՔեմփ Երևան 2022»-ին մեծ ուշադրություն էր հատկացվել հայաստանյան ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից ծրագրավորման և անվտանգության ոլորտին առնչվող պրակտիկ աշխատարանների անցկացմանը։ Տեղի ունեցան ՏՏ և մեդիա ոլորտներին վերաբերող պանելային քննարկումներ։
Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:
ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից: