Կիբերանվտանգությունից՝ արհեստական բանականություն. Երևանում կայացավ Buissup Conference-ը
ОбществоՀունիսի 11-ին Երևանում անցկացվեց Հայ գործարարների ասոցիացիայի Buissup նախագծի միջոցառումների շարքը բացող առաջին իրադարձությունը՝ Buissup Conference 2022-ը: Այս տարի այն մեկ հարթակում էր հավաքել 1000-ից ավելի երիտասարդի:
«Հայ գործարարների ասոցիացիայի համար մեծ պատիվ է, որ կոնֆերանսի շրջանակում բիզնես մտածելակերպով օժտված բազմաթիվ երիտասարդներ են հավաքվել՝ միասին նպաստելու մեր երկրում բիզնես միջավայրի զարգացմանը: Այդ նպատակով էլ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ ստեղծել ենք Buissup հարթակը՝ նպաստելու գործարարության զարգացմանը: Նախորդ տարի այս նախագծի շրջանակում ևս ունեցել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնց արդյունքում հաղթած նախագծերից ինը 1.2 մլն դոլարից ավելի ներդրում են ստացել: Համոզված եմ, որ այս տարի էլ ավելի շատ ներդրումներ կունենանք, որոնք ներգրավելու համար պետք է հնարավորինս կատարելագործեք ձեր ծրագրերն ու նախագծերը»,- նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջորդ տարի ծրագրի մասնակիցների թիվն էլ ավելի շատ է լինելու:
Business: Next Station խորագրի ներքո անցկացված կոնֆերանսը համախմբել էր բիզնեսում նորարարություններով հետաքրքրված ամենատարբեր ոլորտներից երիտասարդների:
«Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ստեղծվել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն ինովացիոն, հետաքրքիր մտքերով երիտասարդ գործարարներին մի հարթակում միավորելն է՝ նրանց հնարավորություն տալով ավագ սերնդի գործընկերներից սովորել նորը, արդյունքում հաջողությունների հասնել: Համոզված եմ, որ այս տարվա միջոցառումները նախորդից ոչ պակաս նորարարական, հետաքրքիր կլինեն, ու հաջողություններ կգրանցեն»,- իր հերթին, նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը:
Միջոցառման ընթացքում 7 խոսնակ անդրադարձան բիզնեսում նորարարությունների թեմային, խոսեցին կիբերանվտանգության, ռոբոտացման ազդեցության, արհեստական բանականության, ավտոմատացված ուսուցման մասին, ինչպես նաև բացահայտեցին բիզնեսում այդ բոլոր գործիքների կիրառման գաղտնիքները:
Կոնֆերանսի ծրագիրն այնպես էր կազմված, որ, լսելով բոլոր ելույթները, մասնակիցներն արդյունքում պատկերացնեն, թե ինչ զարգացումներ են սպասվում բիզնեսում առաջիկա տարիներին:
Buissup Conference-ի ընթացքում ներկայացվեցին նաև նախագծի հաջորդ միջոցառումները՝ առաջին Buissup Hackathon-ը, որը կանցկացվի հուլիսի 9-10-ը միաժամանակ չորս քաղաքում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ղափանում ինչպես նաև սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում կայանալիք ամենամեծ երիտասարդական բիզնես ֆորումը՝ Buissup Global Forum-ը: Միջոցառումներին մասնակցելու համար հայտերի ընդունումն արդեն բաց է, իսկ գրանցվել ու հետևել մանրամասներին կարելի է Հայ գործարարների ասոցիացիայի պաշտոնական կայքում (https://armassociation.com/):
Նախագիծն իրականացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: