Buissup Conference 2022-ը կանցկացվի «Բիզնես. հաջորդ կայարանը» խորագրի ներքո
ОбществоՀունիսի 11-ին Հայ գործարարների ասոցիացիան կանցկացնի արդեն երկրորդ Buissup Conference-ը։ Ոլորտի լավագույն մասնագետները կխոսեն բիզնեսում կիրառվող նորագույն տեխնոլոգիաների մասին, ինչպիսիք են՝ արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, տվյալների գիտությունը, կիբերանվտանգությունը և ոչ միայն:
Միջոցառումը լավ հնարավորություն է տնտեսության նորարարական ոլորտներով հետաքրքրվող 1000-ից ավելի երիտասարդի համար՝ ծանոթանալու վերջին նորություններին և թարմացումներին, նոր կապեր ձեռք բերելու, իրենց մտքերով ու գաղափարներով կիսվելու ու տարբեր ոլորտների առաջատարների կողմից նշանակալի խորհուրդներ և ուղղորդումներ ստանալու:
Կոնֆերանսին որպես բանախոսներ հանդես կգան Nvidia ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդեանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, Գալաքսի ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ ռազմավարության և ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, Smartclick ընկերության հիմնադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը, ԱԿԲԱ բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանը։
Միջոցառումը կվարի հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
Միջոցառումը կանցկացվի Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։
Buissup Conference-ը կկայանա հունիսի 11-ին՝ Prime Hall-ում (Եղվարդի խճուղի 3), ժամը 13:00-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` https://bit.ly/3yG7tfu :