Շնորհավո՛ր տոնդ, Հայաստանի առաջին Հանրապետություն. Խաչիկ Ասրյան
Политика20-րդ դարասկիզբը Հայ ժողովրդին պատճառեց զրկանքներ, կորուստներ, եղեռն ու գաղթեր և արևմտյան Հայաստանում բնաջնջվեց եղեռնազարկ Հայ ժողովուրդը: Թուրքիան 1918 թվականի մայիսին հարձակվեց արևելյան Հայաստանի վրա և նորից Հայ ժողովրդի գլխին կախվեց ֆիզիկական բնաջնջման վտանգը, սակայն, կյանքի հավերժությամբ օժտված Հայը զե՛նք վերցրեց: Մայիսի 22-ին, Սուրբ Էջմիածնի եկեղեցիների զանգերի ղողանջների ներքո, սկսվեց Սարդարապատի պատմական հաղթական ճակատամարտը, որին զուգընթաց՝ ահեղ մարտեր մղվեցին նաև Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Մայիսյան հերոսամարտերում Հայ ժողովուրդը ջախջախեց թուրքական կանոնավոր բանակը և աշխարհին ցույց տվեց Հայի հավաքական ուժն ու ազգային միասնությունը, որի արդյունքում էլ 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում գործող Հայոց Ազգային Խորհուրդն արևելյան Հայաստանը հռչակեց Հայաստանի Հանրապետություն:
Դարերի մաքառման ու կորուստների գնով հաղթեցինք ու կերտեցինք Հայոց անկախ պետականություն, քանզի միավորված, միասնական ու միակամ էին զորավարն ու քահանան, զինվորը, մտավորականն ու շինականը:
Հայը հաղթեց, որովհետև հայրենասիրության ու փրկության կանչով ղողանջում էին Հայի Հավատքի ու Հայի Ոգու զանգերը, և Հայն ապավինել էր սեփական բազկին, մտքին ու զենքին:
Հայը հաղթեց մայրերի սիրո և աղոթքի արցունքներով ցողված թոնրի լավաշի օրհնությամբ ու Հայ այրերի հպարտ զոհողության ուժով:
Հաղթեցին Հա՛յը, Հայի Հավա՛տքը, Հայ ընտանի՛քը և պատմական հայրենիքում ապրելու Հայի անկոտրում կա՛մքը:
«Հայոց Արծիվների» և անձամբ իմ անունից՝ շնորհավորում եմ հերոս Հայ ժողովրդին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հաղթական ճակատամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման օրվա կապակցությամբ ու նշում, որ մայիսյան հաղթանակները Հայոց համազգային մեծագույն ձեռքբերում են, մեր գոյության շարունակականության հիմնաքար ու պատվախնդիր, ինքնիշխան ապրելու անջնջելի ճշմարտություն:
Կեցցե՛ հերոս Հայ ժողովուրդը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Աստված պահպանի Հայաստա՛նը, Արցա՛խը, Հա՛յ Ազգը և Հայոց Սուրբ Հո՛ղը:
ԱՌՈ՛ՂՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ՈւԺԵ՛Ղ ԲԱՆԱԿ, ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ ԱՐՑԱԽ:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան