Վստահ եմ, որ առաջին նախագահը օբյեկտիվ է գնահատում իրավիճակը և պետք է հայտարարի, որ իշխանությունները պետք է հեռանան. Արթուր Ղազինյան
Политика«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդաշարին տված հարցազրույցում անդրադարձ է կատարել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը և մասնավորապես նշել՝
Խոր հարգանք տածելով առաջին նախագահի անձի, ինտելեկտի, անցած ճանապարհի, պետականաշինության մեջ ունեցած իր ներդրման նկատմամբ, ցավոք պետք է արձանագրեմ, որ իր վերջին հայտարարությամբ նա պարզապես կերակուր տվեց ֆեյքային ֆաբրիկաներին, որպեսզի քաղաքական ընդդիմախոսներին պիտակավորեն որպես դավաճան:
Տեսեք, ի՞նչ է տեղի ունենում սոցիալական ցանցերում, ինչպե՞ս են որակում այն ընդդիմախոսներն, որոնք քննադատում են այսօրվա իշխանություններին, մինչդեռ դա ընդդիմության բացառիկ իրավունքն է: Ֆեյքային ֆաբրիկաներն անմիջապես ասում են, որ դուք թիկունքից հարվածում եք, որ դուք դավաճան եք:
Այդ բառամթերքը ո՞րտեղից հայտնվեց: Առաջին նախագահն իր տեքստում իրավիճակը որակեց որպես պատերազմ, իսկ նրանց, ովքեր քննադատում են իշխանություններին՝ դավաճան: Հիմա ամենուր, բոլորին դավաճան են ասում, դա վատ բառ է, ժողովուրդ, «դավաճանը» ծանր բառ է, չի կարելի մարդուն դավաճան ասել, «դավաճանը» դա ինչ որ տեղ նաև մեղադրանք է, որը դեռ պետք է ապացուցել:
Պատերազմը տանուլ տված, պարտված իշխանությանը չի՞ կարելի քննադատել, որովհետև իրենք դեռևս շարունակում են արդեն իսկ պարտված պատերազմում տեղային մարտեր մղե՞լ: Այս իշխանությունը պարտվել, ձախողել, տանուլ է տվել համավարակի դեմ պայքարը: Սա ակնհայտ է: Իրենք էլ են խոստովանում, որ համավարակի իրավիճակն այլևս դուրս է եկել վերահսկողությունից, իրենք ընդունեցին դա:
Հիմա ներողություն, դավաճանն ո՞վ է: Դավաճանը մե՞նք ենք, որ իշխանությանը ժամանակին խնդրում-աղաչում էինք ընդհատել քարոզարշավը, կոչ էինք անում փակել սահմանները, կասեցնել թռիչքները, հայտարարել կարանտին, վերադարձող մարդկանց մեկուսացնել, 14 օր փակել ամբողջ հանրապետությունը, ներքին զորքեր մտցնել: Իշխանությունը ծաղրում էր, տափակ հումորով էր վերաբերվում կորոնավիրուսին:
Ես դեռ այդ ժամանակ էի սպասում առաջին նախագահի հայտարարությանը, որ իր մեղադրող խոսքով կասեր, թե իշխանությունները տապալել և պարտվել են կորոնավիրուսի պատերազմին: Ես դրան եմ սպասում:
Վստահ եմ, որ առաջին նախագահը օբյեկտիվ է գնահատում իրավիճակը, առաջնորդվում է բացառապես Հայաստանի ազգային և պետական շահով և պետք է հայտարարի, որ իշխանությունները տապալել են պատերազմը ու պետք է հեռանան: