Վանաձորի դրամատիկական թատրոնում կայացել է «Կույրերը» ներկայացման պրեմիերան
КультураՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 6-ին տեղի ունեցավ ֆրանսիական սիմվոլիզմի լավագույն ներկայացուցիչներից մեկի՝ բելգիացի դրամատուրգ Մորիս Մետերլինկի «Կույրերը» պիեսի բեմադրության առաջնախաղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը տեղեկացնում է, որ ներկայացման բեմադրիչը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի այս տարվա շրջանավարտ Նարե Մարտիրոսյանն է, իսկ բեմադրության ղեկավարը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։
«Կույրերը» պիեսը սիմվոլիզմի դասական գործերից մեկն է։ Առաջին անգամ այն հրատարակվել է 1890 թվականին։ Գործողությունները ծավալվում են անտառում: Միմյանցից փոքր հեռավորության վրա նստած են վեց կույր տղամարդ և վեց կույր կին: Նրանք փնտրում էին քահանային, որոնց օգնությամբ փորձում էին խուլ անտառում տեղաշարժվել: Խեղդող անորոշության մեջ են, չեն կողմնորոշվում տարածության և ժամանակի մեջ, իսկ անորոշության վախն ավելի է սաստկանում, երբ նրանցից մեկը պատահաբար դիպչում է քահանայի անշնչացած մարմնին․․․
Դերերում ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանն է, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը, Մարիամ Ղևոնդյանը, Անի Աբրահամյանը, Գայանե Մեսրոպյանը, Արման Սաքանյանը, Արման Կոլոսովը, Արմեն Չարչյանը, Քրիստինե Ալիխանյանը, Նոնա Սաֆարյանը, Արփինե Հակոբյանը, Թինա Գալոյանը: