Վարչապետը հանդիպել է Նիդեռլանդների Սենատի նախագահի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ПолитикаԱշխատանքային այցով Նիդռրլանդների Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրաունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի պաշտոնական էջից։
Վերջիններս ողջունել են ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Նիդեռլանդներ եւ վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը, այդ թվում` խորհրդարանական մակարդակում:
Նրանք ընդգծել են Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու իրենց երկրի շահագրգռվածությունը` շեշտելով հայ ժողովրդի նկատմամբ երկրում առկա ջերմ մթնոլորտը: Մասնավորապես, նշվել է Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման փաստը: Յան Անտոնի Բրաունը եւ Վերա Բերգկամպը ողջունել են մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող հետեւողական քայլերը եւ հավելել, որ Նիդեռլանդներն իր փորձով պատրաստ է օժանդակել դրանց արդյունավետ կյանքի կոչմանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առաջին դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում Նիդեռլանդների թագավորություն եւ հույս հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ գործընկերությանը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին եւ ընդգծել, որ գործադիրը շարունակելու է հետեւողականորեն առաջ մղել բարեփոխումների օրակարգը: Նիկոլ Փաինյանը շնորհակալություն է հայտնել Նիդեռլանդների Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ղեկավարներին` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման եւ Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:
Այնուհետեւ վարչապետը հանդիպել է խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի: Դրանք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված վիճակին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Հարավային Կովկասում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: