Մշակույթով են երկիր կառուցում և մեզ ճանաչում. ՀՀ վաստակավոր նկարիչը՝ Կալիֆոռնիայում կայացած իր ցուցադրության մասին (տեսանյութ, լուսանկարներ)
КультураՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը երկար տարիներ է, ինչ իր գեղանկարների միջոցով աշխարհով մեկ սփռում է Հայաստան աշխարհի պատմամշակութային վայրերը: Իր աշխատանքների շնորհիվ շատերն են ճանաչել և ցանկություն հայտնել այցելելու կտավի մեջ պատկերված այդ գեղեցիկ վայրերը:
Շմավոն Շմավոնյանը 20 տարի շարունակ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, մեկ շաբաթ առաջ էլ վերադարձել է Կալիֆոռնիայում կայացած իր զարմանահրաշ ցուցադրությունից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց տաղանդաշատ նկարիչը:
«Աշխատանքներս հիմնականում ցուցադրվում են ԱՄՆ-ում: Վերջերս եմ վերադարձել այնտեղից մի հրաշալի, մեծ ցուցադրություն ունեցա Կալիֆոռնիայի նահանգում՝ «Silvana Gallery»-ում: Ինձ համար ամենակարևորն այն էր, որ ներկայացնում էի իմ երկիրը՝ Հայաստան աշխարhը, իսկ Հայաստան աշխարհում այնքան «գեղեցկություններ» կան, որ դրանցով զմայլվում են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև օտարները. ի վերջո, արվեստն է փրկում և ապրեցնում՝ աշխարհին բերելով խաղաղություն. այն մեզ համար այս ժամանահատվածում շատ մեծ նշանակություն ունի»,- ասաց Շմավոն Շմավոնյանը:
Վերջինս նշեց, որ իրեն հաճելիորեն զարմացրեց այն հանգամանքը՝ ցուցադրությանը մասնակցում էին ոչ միայն հայ համայնքը, այլև օտարերկրացիները, որոնք հիացմունքով վայելում էին Հայաստանում գտնվող ամեն քար ու թուփ, որը վրձնի թեթև հարվածով շատ բնական կերպով փոխանցվել էր կտավին.
«Բավականին շատ այցելուներ եղան, որոնք իսկապես ճանաչեցին Հայաստանի պատմամշակութային վայրերը և շատ մեծ գոհունակություն հայտնեցին, բոլորի արձագանքը միայն դրական էր: Զարմանալի էր նաև այն, որ օտարերկրացիները ճանաչում էին մեր գեղեցիկ վայրերը: Արվեստն ու մշակույթը մարդկանց ապրեցնում է, այն մեծություն է: Մշակույթով են երկիր կառուցում, դրանով են մեզ ճանաչում: Ցուցադրությանը սա էր իմ առջև դրված խնդիրը, որը կարծում եմ, հաջողությամբ կարողացա լուծել»,- հպարտորեն ասաց մեր զրուցակիցը:
Գեղանկարչի աշխատանքները ամենուր են՝ Կալիֆոռնիա նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյի Սպիտակ տանը, Գլենդելի քաղաքապետարանում, անգամ, ԱՄՆ-ի խոշոր հիվանդանոցներում: Սակայն Շմավոնյանը ցանկացավ մանրամասնել հենց հիվանդանոցներում տեղ գտած իր կտավների մասին, քանի որ իրեն երջանիկ է զգում՝ դրանք գույներով են լցնում հիվանդների կյանքը.
«Իմ նկարած գեղանկարների գույներով կարողանում ենք փոխել հիվանդանոցում բուժում ստացող մարդկանց տրամադրությունները: Հիվանդանոցներից մեկում, «Հույս» անունով շատ մեծ աշխատանք ունեմ, պատահական չէ, որ այդ անունն եմ տվել նկարին, քանի որ հենց այդ հույսն է, որ մարդկանց ապրեցնում է հավատով՝ մի օր առողջանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդանոցներում կախված նկարներից բազմաթիվ դրական մեսինջներ է ստանում թե՛ այցելուներից և թե՛ հիվանդներից:
ՀՀ վաստակավոր նկարիչը վստահ է՝ յուրաքանչյուր հայ պետք է կարողանա ինչ-որ լավ բան անել իր երկրի համար.
«Պետք է լավը դարձնենք մեր հայրենիքը, որ թե՛ մենք երջանիկ ապրենք, թե՛ մեզ հաջորդող սերունդները: Պատերազմների, համաճարակների մեջ արվեստը, կարծես, մի նոր լույս է մարդկանց համար. նրանք ունեն այդ ամենի կարիքը»,- ընդգծեց նա:
Զվարթ Պետրոսյան