Ինձ համար ամոթ է, որ դա իմ տղայի դպրոցն է. իրենց վերջը լինելու է կա՛մ «Կիսաբաց լուսամուտները», կա՛մ Երևանյան լճի ափը. Դավիթ Առուշանյանի մայր
ВидеоՖեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանը երեկ ուղիղ եթերում հայտնեց, որ 166 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներ Էլենը և Ջեմման դանակով զինված հարձակվել են Արցախի հերոս Առուշանյան Դավիթի մոր՝ տիկին Լիդայի վրա:
Քիչ անց դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը հերքել էր իրենց աշակերտուհիների մասնակցությունը միջադեպին.
«Փոխտնօրենն ու դասղեկները դաստիարակության գծով պարբերաբար ստուգում են բոլորի պայուսակները, վստահեցնում եմ՝ աշակերտներից որևէ մեկի մոտ չի հայտնաբերվել ինչ-որ սառը զենք կամ դանակ: Նրանց մասնակցությամբ միջադեպ չի եղել երբեք, իրենք էլ վարքով աչքի չեն ընկել, սուսուփուս, համեստ աղջիկներ են: Առավոտյան, երբ ոստիկանությունից զանգ ստացանք, հրավիրեցինք աղջիկների ծնողներին, նրանք էլ մեզ պես զարմացած էին»,- ասել էր տնօրենը:
1or.am-ը կապ հաստատեց անձամբ տիկին Լիդայի հետ՝ պարզելու տեղյա՞կ է արդյոք լուրերը հերքելու մասին.
«Այսօր կանչել են դպրոց, պետք է գնամ: Ոչ թե հերքել են, այլ ասել են, որ այդ անունով մի քանի աղջիկներ կան, պետք է գնամ, տեսնեմ որ մեկն է: Ես տվյալներ ունեմ, որ այդ աղջիկներից մեկի հայրը պաշտոնյա է եղել, և հենց նրանով էլ ինձ սպառնում էր: Ես նրանց ասել եմ, որ ոչ մայր կդառնան, ոչ ընտանիք կունենան, իրենց վերջը լինելու է կա՛մ «Կիսաբաց լուսամուտները», կա՛մ Երևանյան լճի ափը: Նույնը նաև ՔՊ-ական պատգամավորուհիներին եմ ասել»:
Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է աղջիկներին հունից հանել, որ իրենց այդպես են պահել.
«Ես կանգառում կանգնած էի, մոտակայքում Ղարաբաղից տեղահանված ընտանիքներ են բնակվում: Լսեցի, որ այդ երկու աղջիկները խոսում են, որ նրանց ամենավատ ձևերով պետք է «ռադ» անել, որ իր հորեղբայրն ու հորեղբոր որդին նրանց պատճառով են զոհվել: Ես նրանցից երեք մետր հեռավորության վրա էի գնում և երբ լսեցի, որ արցախցիների հասցեին այդպիսի անշնորհք արտահայտություններ են անում, չդիմացա, նկատողություն արեցի, ասացի, որ չի կարելի, լավ կյանքից չէ, որ այդ մարդիկ եկել են: Դրանից հետո այդ աղջիկը սկսեց վրաս գոռալ, հանեց դանակը ու հարձակվեց ինձ վրա, ասաց՝ այ պառավ, դու ով ես, որ ինձ տենց բան ասես, դու գիտե՞ս, թե իմ հերն ով է, փորդ կթափեմ: Ես հետ-հետ գնացի, կռացա, որ քար վերցնեմ, դա ավելի կատաղեցրեց նրան: Հետո մյուս ընկերուհին քաշեց-տարավ այդ աղջկան, ես էլ եկա տուն, ահագին լացեցի՝ մտածելով իմ ինչին էր պետք, այս ուր ենք հասել»:
Դեպքից հետո տիկին Լիդան զանգում է ոստիկանություն, ոստիկաններին տանում տեղը ցույց է տալիս.
«Ոստիկանն իր ոստիկան տեղով ասում է՝ այ մայրիկ ջան, ի՞նչ գործ ունես, բա քեզ պետք ա՞»:
Հարցին, թե արդյոք ոստիկանը կարո՞ղ էր իմանալ, որ այդ աղջկա հայրը նախկին պաշտոնյա է և դրա համար խուսափեր գործ հարուցելուց, տիկին Լիդան պատասխանեց.
«Չէ, չգիտեին, ես նրանց ուղղություն տվեցի, ասացի մտեք դպրոց, 9-րդ դասարանն է, դժվար բան չկա, հիսուն հատ 9-րդ դասարան չկա: Մտեք, հարցրեք՝ ում հորեղբայրն ու հորեղբոր որդին են զոհվել, բայց պարզվել է, որ ոչ մեկը զոհ չունի: Իրենք ամբողջ Արցախի հասցեին ամենավերջին հայհոյանքներ են տվել, պետք է ծնկաչոք ներողություն խնդրեն, և այդ դանակն էլ հանձեն ոստիկանությանը, որ իրենց պատճառով էլի ինչ-որ մեկն իմ օրը չընկնի»:
Հարցին, թե աղջիկները կարո՞ղ էին իրեն ճանաչել, տիկին Լիդան պատասխանեց.
«Նախկինում ես այդ աղջիկներին չեմ տեսել, երևի չեն ճանաչել ինձ, չգիտեմ: Հազար ափսոս, որ իրենք այդ դպրոցից են, որտեղ նաև իմ տղան է սովորել, հրաշալի դպրոց է, հրաշալի կոլեկտիվով ու տնօրենով: Նույնիսկ մեծ միջոցառում են կազմակերպել տղայիս պատվին, նրա երեք մետրանոց նկարն էլ փակցված է դպրոցի պատին, դասասենյակ են անվանակոչել նրա անունով: Ինձ համար ամոթ է, որ դա իմ տղայի դպրոցն է, ամբողջ աշխարհով խայտառակ եղանք»,- եզրափակեց տիկին Լիդան:
Մարիամ Նալբանդյան