«Team Telecom Armenia», «PicsArt», «ServiceTitan», «SADA» ընկերությունների, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ղեկավարները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի կազմում
ЭкономикаՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամի ներքո ձևավորվել է պատվավոր խորհուրդ, որի նախագահն առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Team Telecom Armenia» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն է։ Պատվավոր խորհրդի կազմում են «PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը, «ServiceTitan» ընկերության նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) հիմնադիր, նախագահ Գարո Արմենը և «SADA» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը, որոնց հետ կնքվել են փոխըմբռնման հուշագրեր։
Պատվավոր խորհրդի ջանքերն ուղղված կլինեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գործունեության առաջընթացին և հանրայնացմանը Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև հայ հասարակության կյանքում դասական երաժշտությանն առավել մեծ տեղ հատկացնելու ձգտումներին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ընդգծում է, որ դասական երաժշտությունն առանցքային դեր ունի հանրության կյանքում. «Այն դաստիարակում է, կրթում, դրական լիցքեր հաղորդում։ Եվ շատ կարևոր է, որ բարձր արվեստի տարածման կարևորագույն գործին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թիմին միանում են նաև մեր երկրում գործունեություն ծավալող և աշխարհում հայտնի կազմակերպություններ, որոնք նաև իրենց ջանքերը կներդնեն հայկական կատարողական արվեստն ու կոմպոզիտորական ժառանգությունն աշխարհին ներկայացնելու գործում»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Հոգաբարձուների պատվավոր խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն իր խոսքում նշեց. «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր արվեստի զարգացման գործում կարևոր դեր են կատարել հովանավորներն ու արվեստասեր հասարակությունը: Այսօր ակնհայտ է մեր հասարակությունում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճը: Վստահ եմ՝ այս խորհրդի ձևավորումն ու դրա հետագա քայլերը կնպաստեն սիմֆոնիկ նվագախմբի համերգային աշխարհագրության ընդլայնմանը Հայաստանում և արտասահմանում: Հատկանշական է նաև, որ այս նախաձեռնությանն են միացել հայկական արմատներ ունեցող տեխնոլոգիական հսկաները, որոնք արդեն ունեն համաշխարհային ճանաչում։ Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս խորհրդի նախագահությունը»։
«PicsArt» ընկերության համահիմնադիր Միքայել Վարդանյանը նշեց, որ այս համագործակցության շնորհիվ խորհրդի անդամներն իրենց առաջարկներով և մասնագիտական փորձով կաջակցեն նվագախմբին դասական երաժշտությունը դարձնել հասանելի ամբողջ աշխարհին ու մեծ լսարանների։ Նա նաև հույս հայտնեց, որ շատ շուտով ականատես կլինենք արդյունքների։
«ServiceTitan»-ի նախագահ և համահիմնադիր Վահե Կուզոյանի կարծիքով՝ ՏՏ համայնքի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի զարգացման, այլև մեր հարուստ մշակութային ժառանգության պահպանման և աշխարհին ներկայացման համար՝ այդ գործում անգամ սահմանելով միջազգային չափորոշիչներ։ Նա հայտնեց նաև մեր ներուժի առաջընթացի նկատմամբ հավատի մասին։