Խաչատուր Սուքիասյանի խոսնակը՝ պատգամավորի՝ էլեկտրական ջերմաչափերի գործարան ձեռք բերելու մասին
ПолитикаՄամուլում վերջին օրերին լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱԺ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը Չինաստանում էլեկտրական ջերմաչափերի գործարան է գնել, և հենց դրանով է բացատրվում ԱԺ կողմից «Սնդիկի մասին» օրինագծի ընդունումը, որով Հայաստանում արգելվեցին սնդիկ պարունակող ապրանքների ներկրումն ու վաճառքը: Նշվում է, որ այդ քայլով իշխանությունները Հայաստանում նպաստավոր, մոնոպոլ պայմաններ են ստեղծել Սուքիասյանների բիզնեսի համար, որպեսզի էլեկտրական ջերմաչափերը Հայաստանում ավելի մեծ թափով վաճառվեն՝ սնդիկով ջերմաչափերի բացակայության պայմաններում։
1or.am-ը զրուցել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանի հետ՝ ստուգելու շրջանառվող լուրերի հավաստիությունը: Վերջինիս պնդմամբ՝ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը.
«Դուք կարծում եք, որ ես ամեն ցնդաբանություն պետք է մեկնաբանե՞մ: Անհարմար է մամուլ անվանել մի բան, որը չգիտեմ՝ ինչով է զբաղված: Իսկ այդ անանուն աղբյուրները, որոնց հղում են անում, իրենց ուղեղների մեջ հիվանդագին պրոցեսների արդյունքում «իրենց արևին» հորինված հումորներ են»,- ասաց Մկրտչյանը:
Հավելենք, որ սնդիկի արգելքը իշխանությունները բացատրում են սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիային միանալով: Կոնվենցիան սահմանափակում է սնդիկի օգտագործումը՝ բնակչության շրջանում ծանր թունավորումներից խուսափելու համար:
Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականից մինչ այժմ արձանագրվել է սնդիկից թունավորման 22 դեպք»։ Այսինքն՝ 7 տարվա ընթացքում Հայաստանում սնդիկից թունավորման ընդամենը 22 դեպք է արձանագրվել, ընդ որում, հայտնի չէ, թե այդ 22 դեպքից քանի՞սն են ջերմաչափերի պատճառով։
Մարիամ Նալբանդյան