Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցից հետո հնարավոր է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ կայանա եռակողմ նոր հանդիպում. Վահրամ Աթանեսյան
ПолитикаԵրեկ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Ըստ տարածված հայտարարության՝ քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող հարցեր:
1or.am-ը հանդիպման վերաբերյալ լսել է հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանի կարծիքը.
«Ըստ էության, որևէ չափազանցված ակնկալիքներ այդ հանդիպումից չեն եղել և դատելով այն տեքստից, որ տարածվել է հանդիպման վերջում՝ Եվրոպայի խորհրդի նախագահի կողմից, կողմերն ընդամենը մտքեր են փոխանակել և ինչ-որ տեխնիկական հարցերի շուրջ ընդհանուր համաձայնության եկել: Բայց այդպիսի հանաձայնություն կողմերը ձեռք էին բերել նաև նոյեմբերի 26-ին՝ մինչև տարեվերջ ստեղծել սահմագծման և սահմանազատման հանձնաժողով, ինչն իրականություն չի դարձել: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ մինչև ապրիլի վերջ այդ հանձնաժողովը կստեղծվի: Դատելով Կառավարության նիստին վարչապետ Փաշինյանի ներածական խոսքից՝ բարդություններն այնուամենայնիվ պահպանվում են, ուղղակի պետք է հուսալ, որ ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը, ապրիլի երկրորդ տասնօրյակին սպասվող ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա, ինչ-որ հստակություն կմտցնեն իրավիճակի կանխատեսելիության առումով:
Աթանեսյանը հավանական է համարում, որ, Փաշինյանի Մոսկվա պաշտոնական այցից հետո հնարավոր է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ կայանա եռակողմ նոր հանդիպում.
«Որքան էլ Եվրոպայի խորհրդի նախագահի միջնորդությունը դրական է գնահատվում, այնուամենայնիվ, հակամարտության գոտու իրավիճակի կառավարումը գտնվում է Մոսկվայում, որովհետև հենց ռուսական խաղաղապահ զորախումբն է տեղաբաշխված հակամարտության գոտում: Ես ավելի կկարևորեի ՌԴ մամուլի քարտուղարի օպերատիվ արձագանքը և այն, որ Մոսկվան դրական է գնահատում տեղաշարժը՝ միաժամանակ արձանագրելով, որ դա լինելու է տևական գործընթաց: Նիկոլ Փաշինյանն էլ իր խոսքում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կանխատեսելիությունը, կառավարելիությունը պայմանավորեց ռուս գործընկերների հետ հետագա քննարկումներով»:
Մարիամ Նալբանդյան