Արդեն քանի երեխայի աղիքային ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց, խմելու ջուրը կեղտոտ է. Նալբանդյան գյուղի բնակիչներն ահազանգում են
ОбществоՄեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան բնակավայրի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 4 ամիս է՝ վնասված են գյուղի խմելու ջրի խողովակները, բայց խնդիրը ՏԻՄ-ի կողմից լուծում չի ստանում.
«Մեր ջրագիծը 25-30 տեղ վնասված է, ջուրը դուրս է գալիս, հետո նորից խառնվում է խմելու ջրին: Ու այդ կեղտաջուրը մեր ժողովուրդը խմում է, արդեն գյուղից քանի երեխայի աղիքային ինֆեկցիայով տեղափոխել են հիվանդանոց: Խնդիրը ներկայացրել ենք մեր վարչական ղեկավարին, ով ասում է, որ դիմել է համայնքապետարան, բայց ասել են, որ դեռ միջոցներ չունեն վերանորոգելու: Մենք ջրի փող ենք հավաքում, պարտաճանաչ վճարում ենք: Մենք ոչ մեկի հանդեպ վատ չենք տրամադրված. ո՛չ քոչարյանական ենք, ո՛չ սերժական, ո՛չ նիկոլական, մեր պահանջն ընդամենը մարդավարի ջուր խմելն է»,-1or.am-ի հետ զրույցում նշում է Նալբանդյան գյուղի բնակիչ Ալբերտ Գինոսյանը:
Մենք կապ հաստատեցինք նաև Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալի հետ, ով պնդում է, որ իրենց ունեցած ռեսուրսները բավարար չեն համայնքի բոլոր 30 բնակավայրերը սպասարկելու համար.
«Նախ, ջրի խողովակների հետ կապված խնդիրը ոչ թե 4 ամիս է, այլ 1-1,5: Համայնքի շատ բնակավայրերում կա ջրագծերի խնդիր, խողովակները շատ հին են, մեծ մասը երկար տարիներ առաջ է կառուցվել: Հիմա արդեն սկսել ենք հերթով, պայմանավորվել ենք տեխնիկայի հետ. այսօր Գետաշենում են աշխատանքներ տարվելու, եթե եղանակը թույլ տա, հենց Նալբանդյանի խնդիրը կլուծվի»,- մեզ հետ զրույցում ասաց Արբակ Եղիազարյանը:
Մեր հարցին, թե ջրագծերն սպասարկելն ամբողջությամբ համայնքի՞ գործառույթն է, Եղիազարյանը պատասխանեց, որ որոշ բնակավայրերի համար պատասխանատու է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, բայց կոնկրետ Նալբանդյանն իրենց սպասարկման տիրույթում է:
Մարիամ Նալբանդյան