Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կներքաշվեն գործողությունների մեջ. քաղաքագետ
ПолитикаԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահը զգուշացրել է, որ ժամանակակից աշխարհում մեծ տերությունների միջև զգալի միջազգային կոնֆլիկտի հավանականությունը մեծանում է, ոչ թե նվազում.
«Ես կարծում եմ, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չափվելու է տարիներով։ Չգիտեմ՝ կարելի՞ է խոսել մեկ տասնամյակի մասին, բայց մի քանի տարվա մասին կարելի է խոսել, դա հաստատ է: Կարծում եմ, որ ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, Ուկրաինան և բոլոր դաշնակիցներն ու գործընկերները երկար ժամանակ ներքաշված կլինեն դրանում»,- ասել է գեներալ Մարկ Միլին:
1or.am-ը քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ զրույցում փորձել է պարզել, թե այս կանխատեսումները որքանով են իրատեսական.
«Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կներքաշվեն գործողությունների մեջ՝ առաջին հերթին այն պատճառով, որ հակառակ կողմից նման ներուժ չկա, իհարկե, հաշվի առնելով նաև միջուկային զենքի հանգամանքը: Բայց չեմ կարծում, թե միջուկային զենքը կիրառելու, նույնիսկ դրա ուղղակի սպառնալիքի կհասնի գործը: Ավելի շուտ կհամաձայնեմ այն դրույթի հետ, որ հնարավոր է՝ իրավիճակը բավականին երկար տևի, բայց այդ երկար իրավիճակը կսահմանափակվի Ռուսաստանի և Ուկրաինայի փոխեփոխ ժամանակավոր հաջողություններով, ոչ թե կներքաշվեն այլ կողմեր: Իսկ այն, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն անվտանգային լուրջ սպառնալիք է ամբողջ Եվրոպայի և աշխարհի համար, ակնհայտ է»:
Անդրադառնալով հակամարտությունը երկար շարունակվելու դեպքում մեր տարածաշրջանում անվտանգային խնդիրներին, քաղաքագետը նշեց.
«Իրականում, ռուս-ուկրաինական հակամարտությունն ուղղակի առիթ է մեր սահմաններին սադրանքների համար, չլինի այս հակամարտությունը, կլինեն այլ առիթներ, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և շատ դեպքերում Ռուսաստանի հետ համաձայնեցնելով՝ շարունակում է ճնշում գործադրել Հայաստանի վրա և օգտագործում է ցանկացած առիթ: Իհարկե, ռուս-ուկրաինական հակամարտությունը հրաշալի առիթ է, այդպիսի առիթ կլինի Ռուսաստանի թուլացումը, հակառակը, Ռուսաստանի ամբողջական հաջողությունը կլինի այդպիսի առիթ՝ մեկ այլ կերպ աշխատելու: Մենք պարզապես պետք է կարողանանք մեր աշխատանքները տանել և հասկանալ, թե տարբեր առիթների դեպքում առաջ եկող մարտահրավերներին ինչպես կարելի է դիմակայել»:
Մարիամ Նալբանդյան