Մեր պատկան մարմինների անգործությունը բարոյական իրավունք է տվել Ադրբեջանին՝ Արցախում ոչնչացնելու մշակութային ժառանգությունը. Արգամ Այվազյան
КультураԱրցախի իշխանություններն ահազանգում են` Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի և Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը վտանգված է։ Ադրբեջանական կողմը, որը մեկ շաբաթից ավելի տեղակայվել է Փառուխի հարակից Քարագլուխ կարևորագույն բարձունքի մի հատվածում, ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը: Այդ հատվածներում գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, 2 եկեղեցի, հայտնի Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, Շիկաքարի քարանձավը, վտանգված են Սուրբ Աստվածածին եկեղեցին, Քարագլխի հին գերեզմանոցը, 13-րդ դարից հետո թվագրվող բազմաթիվ մոնումենտալ հուշարձաններ։
Թեմայի շուրջ 1or.am-ի զրուցակիցը հուշարձանագետ Արգամ Այվազյանն է.
«Ադրբեջանական կողմի ոտնգձություններին Հայաստանը երբեք ադեկվատ պատասխան չի տվել: Ես կարող եմ կոնկրետ փաստեր բերել. 1998-2006 թվականներին Նախիջևանի տարածքում հիմնահատակ գետնի երեսից վերացվեցին 27 հազարի հասնող մեծ ու փոքր հուշարձաններ: Այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պապանձվել էր և երբեք այս հարցերին չանդրադարձավ, շատ հանգիստ բանակցություններ էր վարում Ադրբեջանի հետ՝ չասելով ինչ եք անում, ինչու եք վերացնում մեր մշակույթը: Դրանից առաջ՝ Խորհրդային իշխանության տարիներից սկսած, եթե Արցախի վերաբերյալ որոշ ուսումնասիրություններ, վերլուծություններ կային, ապա Նախիջևանի վերաբերյալ առհասարակ ոչինչ չեն արել մեր պատկան գիտական, քաղաքական պետական կազմակերպությունները: Մեր պատկան մարմինների անգործությամբ, անհեռատեսությամբ մենք բարոյական իրավունք ենք տվել Ադրբեջանին, և նա Արցախում բացեիբաց մեկ առ մեկ ոչնչացնում է մեր պատմամշակութային հուշարձանները»:
Հուշարձանագետի խոսքով՝ այս իրավիճակի պատճառը նաև այն է, որ քիչ, թե շատ ձեռնարկվող գործողություններն էլ համակարգված չեն.
«Եթե անհատ ուսումնասիրողներ կամ հասարակական կազմակերպություններ իրենց ձայնը բարձրացնում են, դա էլ մնում է ձայն բարբառո հանապատի, ո՛չ լսող կա, ո՛չ հետևող, ո՛չ էլ այդ խնդիրների հետևից գնացող: Վերջին հարյուր տարվա ընթացքում Արևմտյան Հայաստանի տարածքի հուշարձանների 95-97 տոկոսը ավիրել են, Նախիջևանի տարածքում հետքը վերացրել են, ոչինչ չի մնացել, բայց պետականորեն պատշաճ արձագանք չի եղել: Մենք՝ Հայաստանի որոշ հասարակական, գիտական, պետական կազմակերպություններ, անհատներ, դարձել են պարզապես հաշվապահներ, հաշվարկներ ենք անում՝ այստեղ սա ավիրեցին, այնտեղ՝ նա, բայց ոչինչ չենք անում:
Հույսներս դնում ենք միջազգային կազմակերպությունների վրա: ՅՈՒՆԵՍԿՕ-ն, օրինակ, հասարակական կազմակերպություն է, որի անդամ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Այդ կազմակերպության կանոնադրությամբ իր անդամ ցանկացած պետություն պարտավոր է պահպանել իր տարածքում այլ ժողովուրդների մշակութային ժառանգությունը: Հայաստանն իր մեջ երբեք պետականորեն ուժ չգտավ, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնի Ադրբեջանին հեռացնելու հարցը, որն իր տարածքում եղաժ ժառանգությունը հիմնահատակ ոչնչացնում է: Մենք կուլ են տվել ամեն ինչ, իրենք էլ, ժողովրդի լեզվով ասած, «ոտքերին տեղ են արել» և քայլ առ քայլ իրականացնում են հայաոչնչացման իրենց պետական ծրագիրը. փաստը սա է»:
Մարիամ Նալբանդյան