Անկասկած, կա հավանականություն Արցախում երկրորդ ճակատի. ռազմական փորձագետ
ОбществоՈւկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն օրերս հայտարարել էր, որ եթե Ռուսաստանի Դաշնության համար երկրորդ ճակատները բացվեն, դրանք իրենց շատ կօգնեն:
Առհասարակ, վերջին օրերին շատ են Արցախում երկրորդ ճակատ բացվելու վերաբերյալ խոսակցությունները:
Ազատագրում ֆեյսբուքյան էջի համակարգող Միկա Բադալյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես բազմիցս ասել եմ, որ Ալիևին կստիպեն բացել երկրորդ ճակատը՝ ուզում է նա դա, թե ոչ։ Դրանում անձամբ համոզվեցի երեկ, երբ Ադրբեջանի զինված ուժերը դուրս էին բերում իրենց զորքերը Փառուխից և Քարագլուխից, բայց հետո, որ ինչ-որ բան փոխվեց, և նրանք բացահայտ սկսեցին մեղադրել ՌԴ ՊՆ-ին ստի մեջ ՝ վերջում հրաժարվելով հեռանալ։
Ես ենթադրում եմ, որ Ալիևին հստակ հասկացրել են, որ նա միայն մեկ ճանապարհ ունի, և դա նոր ռազմական հակամարտությունն է, որն, իմ կարծիքով, անպայման հրահրվելու է, և, ամենայն հավանականությամբ, դա լինելու է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի տարածքում»:
Թեմայի շուրջ 1or.am-ը լսել է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի մեկնաբանությունը.
«Սա շատ կարևոր հարց է, և միանշանակ պատասխան տալ դժվար է: Եթե ես միանշանակ իմանայի պատասխանը, և՛ մեր պետական մարմիններին կհուշեի, և՛ անձնական մակարդակում քայլեր կձեռնարկեի: Անկասկած կա հավանականություն Արցախում երկրորդ ճակատի, բայց, իմ կարծիքով, ավելի հավանական է, որ չի լինի, քան կլինի: Ճիշտ է, ադրբեջանաթուրքական տանդեմն իրեն լկտի է պահում, բայց, այնուհանդերձ, Ռուսաստանի բարդությունները դեռևս այնքան չեն, որ այս պահի դրությամբ մենք այնտեղ ունենանք երկրորդ ճակատ: Այն ինչ կլինի, ուղիղ համեմատական է Ռուսաստանի գործերի ընթացքին. վատացա՞ն՝ հավանականությունը կմեծանա, լավացա՞ն՝ կփոքրանա»:
Հարցին, թե հաջորդ շաբաթ Թուրքիայում կայանալիք ռուս-թուրքական բանակցություններից պե՞տք է մեծ սպասելիքներ ունենալ, փորձագետը պատասխանեց.
«Ամեն դեպքում դրանից հեռուն գնացող սպասելիքներ պետք չէ ունենալ, դա ավելի շատ երևի մարտավարական ինչ-որ նշանակություն ունի, ընդ որում, ենթադրում եմ՝ թեման կլինի ուկրաինական խնդիրը, ոչ թե արցախյանը: Հեռու հեռանկարում, գուցե, այդ բանակցությունները հանգեցնեն խաղաղության համաձայնագրի, բայց կոնկրետ այս պահին դա անիրատեսական է»:
Մարիամ Նալբանդյան