Եթե այդ հանքը բացվի, թողնելու ենք, այստեղից գնանք. Սպիտակում պատրաստվում են ոսկու հանք բացել, հանրային լսում է նշանակված
ОбществоՍպիտակի համայնքապետարանի պաշտոնական էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ 2022 թվականի ապրիլի 7-ին, ժամը՝ 16։00-ին ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի հանդիսությունների սրահում (Սարահարթ, Շենավան, բնակավայրերի բնակիչների մասնակցությամբ) տեղի կունենա հանրային լսում։ Օրակարգում՝ կանադական «Ֆրեմոնտ Գոլդ» հանրային ընկերության հետ փոխկապակցված ընկերություն հանդիսացող «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ի նախաձեռնած ՀՀ Լոռու մարզի Հանքակուտակի և հարակից տեղամասերի ոսկի-բազմամետաղային (օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով) հանքերևակման 2022-2025 թվականներին երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային 1-ին քննարկումն է:
Կայանալիք հանարային լսմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Հայաստանում ցանկանում են նոր հանք ունենալ, Գոգարան, Շենավան, Սարահարթ բնակավայրերի տարածքներում, որտեղ անտառատնկման մեծ նախագիծ է նախատեսվում իրականացնել ու դա աբսուրդի ժանրից է։ Նման գործունեությունը բնականաբար կկասեցնի անտառատնկման գործընթացը այդ տարածքներում, ու կարծում եմ որևէ ՏԻՄ չի կարող գնալ նման ինքնասպանության և տալ դրական կարծիք երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացմանը, տապալի էկոլոգիական մեծ նախագիծը՝ նախապատվությունը տալով հանքագործության հեռանկարներին»։
Լուռու մարզի Գոգարան, Սարահարթ, Շենավան, Արևաշող, Շիրակամուտ, Մեծ Պարնի, Կաթնաջուր, Լեռնավան, Ջրաշեն և Սպիտակ բնակավայրերի խմելու ջուրը ապահովվում է այդ սարերից, որտեղից սկիզբ է առնում Գետիկ գետը, իսկ մի քանի հարյուր մետր ներքև էլ գտնվում է պետական պահպանության հուշարձան հանդիսացող բոլորին հայտնի Թռչկանի ջրվեժը:
Սպիտակ խոշորացված համայնքի ավագանու անդամ, Լեռնավանի բնակիչ Համլետ Մազմանյանը 1or.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենց տարածաշրջանում հանք շահագործելու մտադրության մասին իմացել է համացանցից.
«Իմացանք, որ Գոգարան համայնքում հանրային լսումներ են նշանակված: Սկզբնական ինֆորմացիան այդքանն է եղել, հետո ես ավելի խորքային ուսումնասիրություններ եմ արել, ճշտել՝ որ տարածքի մասին է խոսքը, ինչ ռիսկեր կան, ինչ պատմություններ են կապված այդ տարածքի հետ: Ուսումնասիրությունների արդյունքում հասկացա, որ մեր խմելու ջրի ողջ պաշարներն այդտեղից են գալիս, և հանքի շահագործումը Սպիտակի շրջանի բնակիչների համար լուրջ ռիսկեր է պարունակում: Մարդիկ կարող են զրկվել խմելու մաքուր ջրից, էլ չեմ խոսում գլոբալ էկոլոգիական խնդիրների, օդի աղտոտվածության մասին: Կարճ ասած՝ եթե այդ հանքը բացվի, թողնելու ենք, այստեղից գնանք»:
Համլետի խոսքով՝ դեռ հիմնավորումներ չեն լսել, թե բնակչությունն ինչ կշահի հանքի շահագործումից, չնայած՝ դա այնքան էլ չի հետաքրքրում իրենց.
«Բնակչությունը պինդ կանգնած է իր տեղում, լսումները նախատեսում ենք տապալել, սա առաջին դեպքը չի, սրանից տարիներ առաջ նույն տեղում հանքի շահագործման փորձը ձախողվել է: Տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող տեղյակ չլինել այս մտադրության մասին: Ես, որպես բնակչության կողմից ընտրված ավագանու անդամ, որպես բնակիչ, կանգնելու եմ իրենց կողքին, պաշտպանելու ենք մեր շահերը»:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն (ՇՄԱՓԿ) պետական ոչ առևտրային կազմակերպությունից մեր հարցին, թե որևէ հայտ ստացե՞լ են «Հայասա Ռեսոուրսիս Քորփ» ՍՊԸ-ից՝ Գոգարանում հանրային լսում կազմակերպելու վերաբերյալ, պատասխանեցին, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում և հորդորեցին համապատասխան տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարության կայքում փնտրել, քանի որ հնարավոր են այնպիսի լսումներ, որոնցից իրենք ընդհանրապես տեղյակ չեն լինում:
Նախարարության կայքում մեզ որևէ բան չհաջողվեց գտնել:
Մարիամ Նալբանդյան