Երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Ճարտարից էր, 2 շաբաթվա պայմանագրային զինծառայող
ОбществоԱրցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ զոհված 28-ամյա Իշխան Օհանյանը Արցախի Ճարտար քաղաքից էր. նա ընդամենը 2 շաբաթվա զինծառայող էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց նրա ընկերը:
«Շատ բարի, լուսավոր, պատրաստակամ, հումորով մարդ էր, երկու շաբաթ էր, ինչ անցել էր ծառայության ու շատ երկար էր սպասում որ ստացվեր պայմանագրային ծառայության անցնելը»,- պատմեց նա:
Իշխանը ամուսնացած չէր, ունի 3 եղբայր եւ մեկ քույր:
Իշխանի քրոջ ամուսինն էլ զոհվել էր 44-օրյա պատերազմի ժամանակ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում էին ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ասկերանում կա 14 վիրավոր, գրեթե բոլորը վիրավորվել են ԱԹՍ-ի հարվածներից։