Մարդասպան չեմպիոն. դաժան սպանության համար ցմահ դատապարտյալին փորձում են հերոսացնել
ОбществоԱռաջին հայացքից անմեղ թվացող լուրն այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը սահմանել է ռեկորդ` հերթական անգամ գրանցվելով Դյուցազնագրքում, տեղադրել էինք նաև մեր կայքում, մինչև որ ստացանք մի հեռախոսազանգ: Մեր խմբագրություն էր զանգահարել Արթուր Խալաթյանի քույրը, ում սպանության համար Միրզոյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
16 տարի առաջ՝ 2006թվականին, Միրզոյանն ընկերոջ՝ Ռոբերտ Սարգսյանի պատվերով Երևան քաղաքի կենտրոնում բնակարանին տիրանալու համար մանրամասն պլանավորել, դաժանաբար ծեծել և շնչահեղձ անելով սպանել էր բնակարանի սեփականատեր Արթուր Խալաթյանին, ինչի համար այդ դաժան գործարքից պիտի ստանար երեսուն հազար դոլար վճար:
«Այս մարդասպանն ամեն ինչ անում է, որ ժամանակից շուտ համաներումով ազատվի: Ինքն իրականում շատ դաժան մարդասպան է, խայտառակ դաժան ձևով են սպանել եղբորս՝ կտոր-կտոր անելով, մասնատելով, դին պահելով մեքենայի բեռնախցիկում: Ու հիմա, երբ ինտերնետում փնտրում են նրա անունը, հիմնականում իր ռեկորդների ու հաջողությունների մասին են բոլոր նյութերը, մարդիկ չեն տեսնում, թե իրականում ով է ինքը:
Ինքը մենակ չի եղել, սպանությունը ընկերոջ հետ են արել, նա էլ շախմատի բնագավառում է փորձում իրեն ցուցադրել: Նրանց Գագիկ Սարոյանն է մարզում, առաջ տանում, ես ուզում եմ նրան հարց տալ՝ երբ դուք նրան առաջ եք տանում, չե՞ք խորանում, թե ինչի համար է ինքը նստած, ի՞նչ է արել: Հիմա, ասենք թե, էդ մարդասպանը դուրս եկավ, աջուձախ սպանություննե՞ր է անելու»,- մեր զրույցում ասում է Արթուրի քույրը:
Հարցին, թե ու՞մ շահերից է բխում մարդասպաններին առաջ տանելը և նրանց հասարակության աչքում հերոսի կերպարում ներկայացնելը, Արթուրի քույրը պատասխանեց.
«Ես այստեղ ինչ-որ միտումներ չեմ փնտրում: Սա ինձ թվում է ավելի շատ եվրաինտեգրման, բալային համակարգերի հետ կապված ինչ-որ բան է»:
Դաժանաբար սպանված Արթուր Խալաթյանի հայրը՝ Լևոն Խալաթյանը չկարողացավ զսպել հուզմունքը և պատասխանել մեր հարցերին:
Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Գագիկ Սարոյանի հետ: Վերջինս զարմացավ մեր հարցից, թե գիտի՞ արդյոք, թե ինչ աստիճանի վտանգավոր մարդասպանների է մարզում.
«Եթե նրանք ազատազրկման մեջ են, ինչպե՞ս կարող եմ մարզել նրանց: Այդ հարցն ավելի լավ է կալանավայրերի վարչությանը տաք կամ դատարաններին: Մեզ դիմում է կալանավայրերի վարչությունը, ոչ միայն նրանց հարցով: Մեզ դիմում են քրեակատարողական բոլոր հիմնարկներից, տալիս են տեղեկատվություն, որ ունենք մարզիկ, ով մարզումներ է անում, էս-էս ռեկորդներն ունի, մենք էլ ընդամենը գրանցում ենք»:
Հանգուցյալի քրոջ խոսքով՝ ամեն դեպքում մարդասպանների ազատ արձակումն անիրատեսական է, քանի որ վերջնական համաձայնությունը հանգուցյալի հարազատները պետք է տան դրա համար.
«Այդ մարդասպանների մասին հրապարակումներն ամեն անգամ մեր վերքին աղ են լցնում: Բայց, բնականաբար, իրենց դուրս գալը հնարավոր չէ, որովհետև մենք երբեք չենք տա մեր համաձայնությունը»:
Ընտանիքի անդամներն ասում են, որ 37 տարեկանում սպանված Արթուր Խալաթյանին սիրում էին բոլորը: Բարի, ազնիվ, կամեցող, բոլորին օգնող երիտասարդ էր: Մասնավոր ընկերության տնօրեն էր: Արթուրն ուներ 2 փոքր երեխա:
Մարիամ Նալբանդյան