Արցախում խաղաղ ցույց կանցկացնեն
ОбществоՎաղը՝ մարտի 24-ին, ժամը 11:30-ին, Արցախի մանկական հիվանդանոցի մոտ կազմակերպվում է խաղաղ հավաք՝ ընդդեմ Արցախում Ադրբեջանի հանցավոր գործողությունների։
Ցույցի կազմակերպիչները վստահ են՝ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման խափանումը աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: 1or.am-ը զրուցել է խաղաղ հավաքի կազմակերպիչներից Աննա Սարկիսյանի հետ.
«Հավաքը նախաձեռնել են արցախցի կանայք, փոքր երեխա ունեցող արցախցի մայրերը, և հավաքին մասնակցելու են հենց երեխաների հետ: Մենք դիմում ենք ամբողջ աշխարհին, որ Արցախում Ադրբեջանի կողմից ոտնահարվում են խաղաղ բնակչության իրավունքները:
Եթե ոչ մենք, սովորական քաղաքացիներս, ապա ո՞վ մեր փոխարեն կհասցնի աշխարհին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ահաբեկում Արցախի խաղաղ բնակչությանը՝ էթնիկ բնաջնջման ենթարկելու նպատակով։ Այո՛, մենք պիտի պայքարենք մեր հայրենիքում ապրելու իրավունքի համար բոլոր հնարավոր միջոցներով, և այս պահին մեր ձայնը լսելի դարձնելու լավագույն միջոցը խաղաղ հավաք կազմակերպելն է: Մենք ցանկանում ենք աշխարհին հայտնել, որ Արցախում ապրում են մարդիկ, երեխաներ, ովքեր այս պահին հումանիտար աղետի մեջ են գտնվում»։
Հավաքի նախաձեռնողները կոչ են անում բոլորին թողնել բոլոր գործերը և երեխաների հետ միանալ կազմակերպվող խաղաղ հավաքին։
Մարիամ Նալբանդյան