Շուշիի հռչակագիրը Թուրքիային թույլ է տալիս ամեն պահի խառնվել հայ-ադրբեջանական ցանկացած հակամարտության
ПолитикаԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում, որով հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված Շուշիի հռչակագիրը։
Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։
Թեմայի շուրջ 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ.
«Հռչակագրում 2021 թվականի հունիսի 15-ից ի վեր ոչինչ չի փոխվել, բայց փոխվել են զարգացումները տարածաշրջանում: Գրեթե մեկ տարի է անցել, և մենք պետք է հաշվի առնենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ համար դառնում է ազգային անվտանգային լրջագույն խնդիր՝ իր համագործակցության տարբեր եզրերով, և մեզ համար մասնավորապես լուրջ խնդիր է հենց Շուշիում ստորագրված և այսօր Թուրքիայի նախագահի կողմից վավերացված և լիարժեք ուժի մեջ մտած այս հռչակագիրը: Այն Թուրքիային թույլ է տալիս ամեն պահի խառնվել հայ-ադրբեջանական ցանկացած հակամարտության կամ հակասության»:
Անդրադառնալով այս հռչակագրից ոգևորված՝ առաջիկայում հնարավոր ադրբեջանական սադրանքներին, քաղաքագետը նշեց.
«Սա ուղղակի իրենց հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ միջոցառում էր, քայլ էր, որը պետք է արվեր, քանի որ Թուրքիան Ադրբեջանին օգնեց Արցախի օկուպացիայի հարցում: Սրանով պայմանավորված նոր սադրանքները քիչ հավանական են: Դրանք զուտ պայմանավորված են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հետևանքով Ռուսաստանի, այսպես ասած, խառը վիճակով: Քանի որ Ռուսաստանը հիմա ամբողջովին կենտրոնացած է իր համար գլոբալ խնդրի վրա՝ կապված ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ, ադրբեջանաթուրքական տանդեմը փորձում է օգտվել առիթից և Արցախի շուրջ ճնշումը մեծացնել: Եթե Ռուսաստանի գործերը Ուկրաինայում վատանան ադրբեջանաթուրքական սադրանքների ռիսկը տարածաշրջանում ավելի է մեծանում»:
Մարիամ Նալբանդյան