Մարզպետն ասում է՝ 2 օր ժամանակ տվեք, հարցը կլուծվի, բայց ժողովուրդը համաձայն չէ. Երեւան–Սևան մայրուղին 9 ժամ է՝ փակ է
ОбществоԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մեկ ժամ առաջ ժամանել է Երեւան–Սեւան մայրուղու այն հատվածը, որտեղ Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակ են պահում եւ հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։
«Մարզպետը բանակցում էր, որ բացենք ճանապարհը, բայց ապարդյուն։ Մենք ասել ենք՝ մինչեւ Գնել Սանոսյանը չգա, մենք ճանապարհը չենք բացելու։ Մարզպետն էլ էստեղ խցանման մեջ է մնացել, չի կարողանում գնալ։ Մարզպետն ասում է՝ երկու օր ժամանակ տվեք, հարցը կլուծվի, բայց ժողովուրդը չի համաձայնում»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհը փակած բնակիչներից մեկը։
Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով բնակիչների պահանջին հորդորեց բացել ճանապարհը։
«Հարցը ճանապարհին քննարկելու նյութ չէ, մենք առավոտյան իրենց առաջարկել ենք աշխատանքային խումբ ստեղծել եւ քննարկել հարցը»,– ասաց Գնել Սանոսյանը։
Նախարարը նշեց, որ համայնքներն արդեն խոշորացվել են, եւ ըստ Կառավարության, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքը փոխելու կարիք չկա։
«Այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ այդ խոշոր միավորները արդարացնում են իրենց։ Ինչ վերաբերում է ծովագյուղցիների այն մտահոգությանը, թե խոշորացման արդյունքում տուժելու է իրենց համայնքը, արդարացված չէ»,– ասաց Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, որ Երեւան–Սեւան մայրուղին փակ է ժամը 12–ից։
Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը եւ դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած Սեւան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։
Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։
Մինչդեռ նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում նշել էին, որ այս համայնքների համար որեւէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։
«Ծովագյուղ եւ Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սեւան համայնքի կազմում, որեւէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,– ասել էր Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։