Ե՞րբ կվերականգնվի ջրամատակարարումը Արագածոտնի և Լոռու մարզերում. պարզաբանում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ մամուլի խոսնակը
ЭкономикаՁյան առատ տեղումների պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Արագածոտնի և Լոռու մարզերում:
«Արագածոտնի մարզում եղանակային անբարենպաստ պայմանների և ձյան առատ տեղումների պատճառով, ս.թ մարտի 22-ից դադարեցվել է «Յոթաղբյուր» կոչվող աղբյուրից սնվող Գեղադիր, Բերքառատ և Սադունց գյուղերի ջրամատակարարումը: Նույն պատճառներով խնդիրներ են առաջացել նաև Վանաձորը սնուցող Լոռու մարզի Ծովասար, Մայմեխ աղբյուրներում, ինչպես նաև քաղաքի ջրի մաքրման կայանում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
1or.am-ը կապ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչ աստիաճանի է խափանումը և մոտավորապես ե՞րբ կարելի է սպասել ջրամատակարարման կարգավորմանը.
«Այսօր մեր խնդիրն է ինչ-որ կերպ գնալ, հասնել խափանման աղբյուրներին, որովհետև ճանապարհ չկա, ոտքով էլ այդքան գնալ չենք կարող, որ տեսնենք՝ ինչ է կատարվում: Ձյունն աննախադեպ առատ է, ջուրը սառցակալում է, հետևաբար նվազում է նաև ջրի հոսքը քանակային առումով: Նույն պատճառով ջուրը կարող է նաև պղտորվել: Աշխատանքը շատ-շատ է, մեր թիմն արտակարգ ռեժիմով է աշխատում»:
Հարցին, թե արդյոք վտանգ չկա, որ ջրի սառցակալելու պարագայում խողովակները կարող են պայթել, Սարգսյանը պատասխանեց.
«Ամեն տեղ էլ վտանգ կա, ոչ ոք չի կարող երաշխիք տալ: Աշոցքում, Ապարանում մինչև երեք մետր և ավելի ձյուն է նստած: Այսպիսի եղանակ մարտ ամսին չի եղել վերջին քառասուն տարում, մենք աշխատում ենք արտակարգ պայմաններում՝ փորձելով համակարգին սպառնացող վտանգը նվազագույնի հասցնել: Այսպիսի բաներ պատահում են, մենք անցած տարի էլ Թալինի տարածաշրջանում ունեինք շատ վիճակ, բայց դե հիմա բնություն է, մենք ոչինչ չենք կարող անել»:
Սարգսյանի խոսքով՝ անհնար է նշել հստակ ժամկետ, թե երբ կկարգավորվի ջրամատակարարումը.
«Կոնկրետ ասել, իհարկե, չենք կարող: Ամեն ինչ բնության ձեռքին է: Այս ընթացքում նշված վայրերում ջրամատակարարումը կկատարվի հայտարարված ժամանակացույցի խախտումներով՝ շրջիկ ավտոցիստերների միջոցով»:
Մարիամ Նալբանդյան