Ամուլսարում ռադիացիոն ճառագայթումը 4-5 անգամ գերազանցում է նորման
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել է բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն: Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումն այդ վայրում տատանվում է 80-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում (թույլատրելի նորմայից 4-5 անգամ ավել):
1or.am-ը թեմայի շուրջ զրուցել է բնապահպան Լևոն Գալստյանի հետ, ում խոսքով`ուսումնասիրությունները նոր չեն.
«Հնարավոր է` իրենց համար սա հայտնաբերում է եղել, տեղակ չեն եղել, բայց գործից քիչ, թե շատ հասկացող մարդիկ ամեն ինչ շատ լավ գիտեին: Դա նոր չի հայտնաբերվել, դեռևս 2019 թվականին ինչ-որ հետազոտություններ էին կատարվել, որոնց արդյունքները, չգիտես ինչու, չէին հրապարակվել: Եթե չեմ սխալվում, «Կանաչ Հայաստան» ՀԿ-ն էր դիմել ԱԻՆ-ին և ստացել կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Սրանով մեկ անգամ ևս հաստատվում են 1952-1954թթ Գրոմովյան երկրաբանական արշավախմբի հետախուզման արդյունքները։ Այստեղ հարցը նրանում է, թե ինչու է այդ ակնհայտ փաստն անտեսվում բոլոր կառավարությունների կողմից՝ սկսած 2009 թվականից: Այսինքն, եթե այն տարածքից, որտեղ ուզում են հանք շահագործել, 3-4 կմ հեռավորության վրա կա ուրան-թորիումի այդպիսի երևակում, ռադիացիոն բաձր ֆոն, ինչու այդ փաստը լուրջ ուսումնասիրության չի ենթարկվել պետական կառույցների կողմից: Կամ ընկերությունը, որն արդեն 10-12 տարի ուզում է այդ տարածքում հանք շահագործել և բազմաթիվ ուսումնասիրություններ է արել, ինչու է այդ թեմայի վերաբերյալ իր փաստաթղթերի մեջ ընդամենը երեք տող գրել»:
Բնապահպանի խոսքով՝ այն, որ ռադիացիոն բարձր ֆոնը բուն նախատեսվող հանքի տարածքում չէ, չի նվազեցնում շահագործման դեպքում հնարավոր ռիսկերը.
«Ես հասկանում եմ, որ այն, ինչ հայտնաբերվել է, բուն շահագործվելիք հանքի տարածքում չէ, բայց, այն գտնվում է, կոպիտ ասած, իրենց տիրապետության տակ: Իրենց խոսքով`այդ տարածքներում գտնվելու է իրենց դատարկ ապարների լցակույտը, այսինքն`այդտեղ իրենք ինչ-որ գործունեություն են ծավալելու ամեն դեպքում, անելու են որոշակի գործողություններ: Թե այդ գործողություններն ինչպիսի ազդեցություն կունենան ուրան-թորիումի հանքերևակման վրա և ինչ հետևանք կունենան, գնահատված չէ: Ես էլ չեմ կարող ասել, թե հետևանքներն ինչպիսին կլինեն, ես կարող եմ միայն ենթադրել. այդ ռադիացիոն ֆոնը, որն այսօր 80-115 է այդ տարածքում, կարող է ինչ-որ գործողության արդյունքում դառնալ 200-250 կամ 500: Քանի որ դա գնահատված չէ, մենք կարող ենք տարբեր թվեր ասել, իսկ գնահատելու համար լուրջ ուսումնասիրություն է պետք, որն արված չէ ո՛չ մասնավոր ընկերության կողմից, ով պարտավոր էր դա անել, ոչ էլ պետական կառույցներն են պահանջել դրա կատարումը`12 տարի շարունակ: Ես չգիտեմ`կառավարությունում գիտե՞ն կամ նախորդ կառավարությունում գիտեի՞ն, թե բուն հանքավայրի տարածքում, որտեղ ընկերությունը նպատակ ունի շահագործելու հանքը, նույն տիպի ուսումնասիրություններ կատարվե՞լ են ու ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ըստ էության, մենք չունենք նման տեղեկատվություն, ուստի մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի հետո, երբ ապարները քանդեն, 3-4 կմ տրամագծով հանքափոսեր բացեն»:
Մարիամ Նալբանդյան