Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանը նոր տնօրեն կունենա. ո՞վ է հիմնական թեկնածուն
ОбществоԱյս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբին Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանը նոր տնօրեն կունենա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ որպես գլխավոր թեկնածու շրջանառվում է աստղաֆիզիկոս, գիտնական Գարիկ Իսրայելյանի անունը:
1or.am-ի հետ զրույցում Աստղադիտարանից հաստատեցին լուրը՝ նշելով, որ Իսրայելյանն այդ պաշտոնում կփոխարինի ներկայիս տնօրեն Արեգ Միքայելյանին:
Իսրայելյանի թեկնածությունն այս պաշտոնի համար պատահական չէ, հաշվի են առնվել մի քանի հանգամանքներ: Առաջին հերթին գիտնականը կարող է բարձր պահել մեր երկրի գիտական իմիջը, բացի դրանից՝ մեր տեղեկություններով աստղադիտարանում հիմա բավականին ցավալի վիճակ է: Ըստ մեր հավաստի աղբյուրների՝ աստղադիտարանի ներսում ցանկացած որոշում կայացվում է փոխտնօրենի մակարդակով, ով ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորյալն է: Մարտիրոսյանի ազդեցությունն աստղադիտարանում նվազեցնելու առումով Իսրայելյանը հարմար թեկնածու է, քանի որ գիտական աշխարհում բավականին մեծ կշիռ ունի:
Հավելենք, որ Գարիկ Իսրայելյանը ծնվել է 1963 թ Երևանում։ 1987 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը՝ կարմիր դիպլոմով, 1992 թ. պաշտպանել է դոկտորական կոչումը։
Գարիկ Իսրայելյանն աշխատել է Ուտրեխտում (Նիդերլանդներ), Բրյուսելում (Բելգիա) և Սիդնեյում (Ավստրալիա), որպես դասախոս և գիտաշխատող։ 1997 թվականից աշխատել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտում (IAC), որպես Տեներիֆեի Լա Լագունա համալսարանի պրոֆեսոր։
Իսրայելյանը հրատարակել է ավելի քան 250 գիտական հոդվածներ՝ արտաարեգակնային մոլորակների հայտնաբերումից մինչև ցածր զանգվածով ռենտգենյան զույգ աստղեր՝ սև խոռոչներով և նեյտրոնային աստղերով:
Մարիամ Նալբանդյան