ԱԷՄԳ-ը հայտարարել է ստուգումներն Իրանի հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին
МеждународноеԹեհրանն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պետք է պայմանավորվեն միջուկային օբյեկտներում ստուգումների ռեժիմի մասին, հակառակ դեպքում միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնելը հեշտ չի լինի։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ Իրանի մայրաքաղաքում կայացած բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Իրանը եւ ԱԷՄԳ-ը չլուծեն ստուգումների հարցը, հեշտ չի լինի միջուկային գործարքի շուրջ համաձայնության հասնել»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr-ը: Գրոսսին հավելել է, որ «համագործակցության համար կարեւորը փոխըմբռնումն է»։ Նրա խոսքով՝ «ցավալի է, որ [գործակալության] մի շարք անդամներ չեն պահպանում Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ համագործակցության գաղտնիության ռեժիմը»։
Ընդմիջումից հետո փետրվարի 8-ին Վիեննայում վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը, որի նպատակը միջուկային գործարքն իր սկզբնական տեսքով վերականգնելն ու ԱՄՆ-ին այս բազմակողմ համաձայնագրին վերադարձնելն է։ Աշխատանքներն իրականացվում են ինչպես Իրանի եւ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին խորհրդակցությունների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որը դեռ պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղիղ երկխոսության։ Բանակցողներն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը։ Ենթադրվում է, որ ութերորդ փուլը կարող է վերջինը լինել։