Տհաճ անակնկալներ Պուտինի համար
ПолитикаՌուսական համացանցում տեղեկություններ են հրապարակվում Ուկրաինա ցամաքային ներխուժման առաջին օրը ռուսական բանակի բավական մեծ կորուստների մասին։ Բացի այդ, ռուսական բանակի Ուկրաինայի խորք թափանցելու «գրաֆիկը» դանդաղել է տարբեր հատվածներում ուկրաինական ԶՈՒ դիմադրության շնորհիվ։ Ըստ տեղեկությունների, Կրեմլում կարծել են, որ Ուկրաինայի ռազմական օբյեկտների ու քաղաքների հրթիռակոծումը պետք է բարոյալքեր բանակը, եւ այս տեղեկությունները տհաճ անակնկալ են եղել Պուտինի համար։
Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարը հայտարարել է, որ ռուսական բլից-կրիգը չի ստացվել։ Այսօր առավոտից ռուսական զորքը գրոհում է Կիեւի ուղղությամբ, ըստ ռուս փորձագետների՝ խնդիր է դրված փոխել իշխանությունը Կիեւում եւ հաստատել խամաճիկ վարչակարգ, որը կստորագրի ՌԴ պայմաններով կապիտուլյացիան։ Իր հերթին, նախագահ Զելենսկին նույնպես հայտարարել է Ռուսաստանի այդ ծրագրերի մասին։
Նա նաեւ ասել է, որ Ուկրաինան ներկայում մենակ է մնացել, եւ ԱՄՆ-ի ու ԵՄ ընդունած պատժամիջոցները չեն կանգնեցրել Ռուսաստանին։ Ուկրաինան «հանձնելու» մասին շատ է խոսվում, ընդհուպ՝ ԱՄՆ-Ռուսաստան պայմանավորվածությունների մասին։ Իր հերթին, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն ի սկզբանե հայտարարել են, որ չեն կռվելու Ուկրաինայի համար։
Ներկայում շատ է խոսվում նաեւ Ռուսաստանի համար խիստ անցանկալի՝ Ուկրաինայի «աֆղանացման» հնարավորության մասին, ռուսական օկուպացիոն ուժերի դեմ դիմադրության հեռանկարով։
Հետագա զարգացումները կախված են Ուկրաինայի դիմադրությունից, չնայած ՌԴ եւ Ուկրաինայի ռեսուրսների, այդ թվում ռազմական, խիստ տարբերությանը։ Ռուսաստանի հաջողությունը ներկայում ավելի հավանական է թվում, սակայն շատերը դա համարում են կարճաժամկետ հաջողություն՝ ՌԴ-ին սպասվող հետեւանքների կտրվածքով։
Այս առումով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության պատժամիջոցների նոր փոթեթը, որքան էլ խոստացված «դժոխայինը» չէ, այնուամենայնիվ ուշագրավ նրբություններ է պարունակում։ Ռուսաստանի համար թողնված են որոշակի «օդանցքներ», որոնց նպատակը մի կողմից ավելի կտրուկ սահմանափակումների համար ժամանակ ստանալն է, մյուս կողմից՝ Ռուսաստանից կապիտալի արտահոսքը խթանելը։ Ռուսաստանը լիովին զրկվում է նորագույն տեխնոլոգիաներին ու ֆինանսներին հասանելիությունից, բացի այդ՝ սառեցվել են ռուսական պետկորպորացիաների եւ Պուտինի մերձավորների ակտիվները, կամ այսպես կոչված «ռուսական տրիլիոնը»՝ մոտ 2,4 տրիլիոն դոլարի հասնող։
Ռուսաստանն այսպիսով լիովին կախման մեջ է ընկնում Չինաստանից, որը Մոսկվային խոստացել էր պատժամիջոցների դեպքում ապահովել «փոխարինումը»։ Թե որքանով դա կհաջողվի Պեկինին, կամ արդյոք Պեկինը կցանկանա դա անել՝ կերեւա ապագայում։ Մի բան ակնհայտ է, որ պատժամիջոցները շատ երկար ժամանակով են մտցվում, եւ Պուտինի ուկրաինական արշավը պարզապես գտածո էր Արեւմուտքի համար բազմաթիվ առումներով։