Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. «Ժողովուրդ»
Пресса«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 24-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրը նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանի հրամանով Զինված ուժերի գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին պաշտոնատար մի շարք անձինք՝ նրանց փոխարեն նշանակելով նոր դեմքեր: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունի: Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ այդ պաշտոնից ազատվեց, այս անգամ՝ մեղադրյալի կարգավիճակով՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար:
«ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն, որ մինչ այս պահը ՀՀ ՊՆ-ն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի, պայմանավորված է նրանով, որ, նախ, թեկնածուի հարցում չկա վերջնական որոշում, բացի այդ, ՀՀ պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ գտնվում է Ռուսաստանում: Այսօր նախարարը կվրադառնա, որից հետո կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Տեղեկացանք նաև, որ նախարար Պապիկյանի հետ Ռուսաստան է գնացել նաեւ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը: Չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:
Հիշեցնենք, որ, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման թեմայով, երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում