Կրիտիկական իրավիճակում հավասարակշռություն պահպանելը՝ օրախնդիր
ПолитикаԳավառի իրադարձությունները թեև մեծ մասշտաբայնություն ունեցան, այնուամենայնիվ, ոստիկանությանը հաջողվեց իրավիճակը կառավարել, բորբոքված կրքերը հանդարտեցնել և թույլ չտալ, որ է՛լ ավելի մեծանա ողբերգության շրջանակները, բազմապատկվի աղետալի երևույթի չափերն ու հնարավոր նոր զոհերի թվաքանակը: Բնական է, որ իրավապահ մարմինների հաշվարկներն ավելի խորն ու օպերատիվ պետք է լինեին, որին էլ միտված էր ոստիկանության լռությունը: Ու թեև այն բավական քննադատության արժանացավ, սակայն, ապացուցեց վաղուց արդեն ապացուցված մի իրողություն, համաձայն որի՝ սառը, կշռադատված և քայլերի հերթականության մանրակրկիտ հաշվարկելը միայն կարող է շտկել իրավիճակն ու ստիպել, որ այն էլ ավելի չսրվի: Հակառակ պարագայում կարող էինք ականատես լինել կրակի վրա յուղ լցնելու էֆեկտին, ինչն ավելի կվատթարացներ, առանց այն էլ անկառավարելության շեմին ընդհուպ մոտեցած գործողությունների ընթացքն ու բորբոքված կրքերի լիցքաթափումը:
Հիմա արդեն, պետք է շնորհակալ լինենք ուժային կառույցներին, քանի որ նրանց հաջողվեց տեղին ու պրոֆեսիոնալ գործել, և դրա շնորհիվ երկու կողմերին սթափեցնելուց բացի, հանդարտեցնելու քայլեր ձեռնարկել և ապացուցել, որ առաջին իսկ պահից լռություն պահպանելն էր, որ թույլ տվեց հասարակությանը զերծ մնալ նոր զոհեր ունենալու ողբերգակական հեռանկարից: Ոստիկանության սկզբնական շրջանի լռությունը ցույց տվեց նաև, որ սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերն ու հանրային հեղինակություն վայելող անձինք նման դեպքերում րոպե առաջ առաջնագծում հայտնվելու և սեփական տեսակետը հայտնելու պատճառով կարող են հակառակ էֆեկտն առաջացնել և նպաստել իրավիճակի առավել սրմանը: Մինչդեռ, դրա փոխարեն պետք էր հանդարտություն պահպանել, զերծ մնալ տաքարյուն, հասարակությանը գրգռող կարծիք արտահայտելուց և ավելորդ աղմուկ-աղաղակ բարձրացնելու փոխարեն թույլ տալ, որ մասնագետներն իրենց գործը պատվով ու ժամանակին իրականացնեն:
Բացի այդ, հասարակական հնչեղություն ունեցող դեպքերի մասին սխալ տեղեկություններ տարածելն ու մեկնաբանելն, անկախ ամեն ինչից, նպաստում է իրար հետ որևէ աղերս չունեցող և շատ դեպքերում իրար հակասող երկու զուգահեռ իրականություններ ձևավորելուն, որն օգնելու փոխարեն լրացուցիչ բարդություններ է առաջացնում է՛լ ավելի նպաստելով իրավիճակի բարդացմանը:
Եվ, պարզից էլ պարզ է, որ թեժ պահին խելացի երևալու մարմաջը ուժային կառույցների կողմից որոշումներ կայացնելուն միանշանակ խանգարում է, քանի որ, այն կարող է նաև անհարկի տեղեկատվության շրջանառության պատճառ դառնալ: Բացի այդ, ինֆորմացիայի հնարավոր արտահոսքի պատճառով իրավիճակը կարող է դուրս գալ կառավարելիության սահմաններից և թույլ չտալ, որ ոստիկաններն առավել օպերատիվ գործեն, լիցքաթափեն լարվածությունն ու կասեցնեն պահի վտանգավորության բազմապատկման վտանգը: