Արցախի Ազգային ժողովի պատգամավոր. Ադրբեջանական կողմից կրակոցները հաճախակիացել են շատ ուղղություններով
ПолитикаԱրցախում՝ Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ, ամեն օր կրակոցներ են լսվում. Կրակոցները հաճախակիացել են նաեւ այլ ուղղություններով։ Այս մասին փետրվարի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ես հաճախ եմ շփվում բնակիչների հետ։ Այդ ձայները սովորական են դարձել: Մոտենում է գարունը՝ աշխատանքների սեզոնը (գյուղատնտեսական՝ խմբ.), եւ ադրբեջանցիներին չի զսպում նույնիսկ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է նաեւ Ադրբեջանի նախագահը։ Կա՛մ զինծառայողները չեն հարգում Ալիեւի ստորագրած փաստաթուղթը, կա՛մ ինքն է տալիս համապատասխան ցուցումը։ Երբեմն իրենք՝ խաղաղապահներն են կոչ են անում Արցախի բնակիչներին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Նրանք խաղաղապահ առաքելություն են իրականացնում եւ չեն կարող այդպիսի գործողությունների համար ադրբեջանցիներին պատժելու կամ պատասխան տալու հրահանգներ ստանալ։ Արցախի բնակիչները ծայրահեղ ծանր պայմաններում են ապրում՝ ապավինելով մեծ քաղաքականությանը, որը, ցավոք, դեմ է Արցախին եւ ընդհանրապես հային»,- ասաց նա։